
Սեպտեմբերի 11-ին Հակակոռուպցիոն կոմիտեն մի շարք անձանց էր ձերբակալել, այդ թվում՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձի։ Կոմիտեից «Հրապարակին» հայտնել էին, որ ձերբակալությունները կատարվել են պաշտոնատար անձի կողմից ապօրինի գործողության համար կաշառք ստանալու, դրան օժանդակելու և խմբի կազմում նախնական համաձայնությամբ կաշառք տալու դեպքերի առթիվ քննվող վարույթի շրջանակում։
ՔԿՀ-ից ձերբակալված պաշտոնյան անվտանգության ապահովման բաժնի աշխատակից Վարդան Մարկոսյանն է, որի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Մյուս ձերբակալվածները, ըստ տեղեկությունների, քաղաքացիներ են՝ կաշառք տվող և դրան օժանդակող անձինք։
Մեր տեղեկություններով՝ ՔԿՀ-ի անվտանգության աշխատակցին գումար են տվել՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ արգելված իրեր, այդ թվում՝ բջջային հեռախոս, անցկացնելու և հիմնարկ մուտք գործելու հնարավորություն ապահովելու համար։
Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Վարդան Մարկոսյանը 2026 թվականի հուլիսի 2-ից 23-ն ընկած ժամանակահատվածում Արման և Գարիկ Մելքոնյանների ու Մարինե Մանուկյանի օժանդակությամբ վեց դրվագով ստացել է ընդհանուր 1 միլիոն 150 հազար դրամ կաշառք՝ կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին թողտվության և այլ ապօրինի գործողություններ կատարելու համար։
Մարինե Մանուկյանին և Արման Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալուն վեց դրվագով օժանդակելու, իսկ Գարիկ Մելքոնյանին՝ երեք դրվագով օժանդակելու համար։