Ինչպես արդեն հայտնել ենք, ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը, խմբակցության անդամներ Լիանա Մանուկյանն ու Ռուբեն Մխիթարյանը հոկտեմբերի 30-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուլի Քրոուլիի հետ։
Խմբակցության անդամ Լիանա Մանուկյանը մանրամասներ է ներկայացրել հանդիպումից․
««Ուժեղ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներն ընդգծել են, որ Ադրբեջանի կողմից նորանոր պահանջների առաջադրումն ու բանակցային գործընթացի ձգձգումը խոչընդոտում են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Տարածաշրջանային ցանկացած նախաձեռնություն պետք է հիմնված լինի Հայաստանի ինքնիշխանության և պետական շահերի պաշտպանության վրա։
Խմբակցության ներկայացուցիչներն առանձնահատուկ մտահոգություն են հայտնել Հայաստանում ժողովրդավարական արժեքների նահանջի, ընդդիմադիր քաղաքական ուժերի նկատմամբ ճնշումների և քաղաքական քննադատությանն ի պատասխան քրեական հետապնդումների կիրառման առնչությամբ։ Անդրադարձել են նաև Ազգային ժողովում տեղի ունեցած բռնության միջադեպին՝ անընդունելի համարելով իշխանության ներկայացուցիչների այն արձագանքները, որոնք կարող են ընկալվել որպես բռնության արդարացում կամ խրախուսում։
Ընդգծել են, որ ժողովրդավարությունը ենթադրում է ոչ միայն ընտրություններ, այլև խոսքի ազատություն, քաղաքական բազմակարծություն, մարդու իրավունքների պաշտպանություն և օրենքի գերակայություն։
Հետաքրքրությամբ լսել ենք նաև կանադացի գործընկերների տեսակետներն ու առաջարկները՝ կարևորելով կառուցողական երկխոսությունն ու կարծիքների փոխանակումը»։