«Վրաստանը կոչ է անում Եվրամիությանը բաց քննարկումներ անցկացնել, այլ ոչ թե քննարկումներ վարել փակ դռների հետևում»։
Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Բրյուսելում Euronews-ի կազմակերպած «Եվրոպայի ապագան» գագաթնաժողովում։
Նա նշել է, որ Վրաստանի և Եվրոպայի հասարակությունները պետք է տեղեկացված լինեն քննարկումների բովանդակությանը։
«Մեր հիմնական առաջարկը յուրաքանչյուր առանձին հարցի շուրջ բաց և հրապարակային բանավեճերի անցկացումն է՝ Վրաստանում ժողովրդավարության, օրենքի գերակայության, տնտեսական միտումների և թափանցիկության մասին օրենքի վերաբերյալ։ Մենք պատրաստ ենք բաց բանավեճերի, քանի որ լիովին վստահ ենք մեր ճշմարտացիության մեջ։ Մենք իրավացի ենք, երբ պաշտպանում ենք մեր ինքնիշխանությունը և քայլեր ենք ձեռնարկում Վրաստանն ավելի զարգացած, ավելի ժողովրդավարական և ավելի թափանցիկ երկիր դարձնելու ուղղությամբ», – հավելել է Կոբախիձեն։
Վարչապետի խոսքով՝ չնայած Եվրոպայի հետ հարաբերություններում առկա բոլոր դժվարություններին՝ Վրաստանը շարունակում է առաջ շարժվել։
«Վրաստանը կատարել է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրով ստանձնած պարտավորությունների ավելի քան 90 տոկոսը։ Միաժամանակ մենք ամրապնդում ենք մեր ժողովրդավարական համակարգը և կենտրոնանում տնտեսության զարգացման վրա։ Չէ՞ որ տնտեսությունը լինելու է այն հիմնական չափանիշներից մեկը, որով գնահատվելու է այս կամ այն երկրի՝ Եվրամիությանն անդամակցելու հարցը։ Նշեմ, որ տնտեսական աճի տեմպերով մենք Եվրոպայում առաջին տեղն ենք զբաղեցնում», – հավելել է վարչապետը։
Հիշեցնենք, որ 2024 թվականի նոյեմբերի 28-ին Վրաստանի կառավարությունը հայտարարել էր, որ մինչև 2028 թվականը օրակարգում չի լինի Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների մեկնարկի հարցը։ Կառավարությունում նշել էին, որ մինչև 2030 թվականը Վրաստանն ավելի պատրաստ կլինի Եվրամիությանն անդամակցելուն։
Այդ ժամանակից ի վեր Թբիլիսիի և Բրյուսելի հարաբերություններում լարվածությունը պահպանվում է։