Երեկ՝ ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էր այցելել նաև Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, սակայն նրա այցը Հանրային հեռուստաընկերության եթերում չէր լուսաբանվել։
Հասկանալու համար, թե ինչ վերաբերմունք ունեն քաղաքացիները այդ հանգամանքի վերաբերյալ՝ Oragir.News-ը հարցում է անցկացրել Երևանի փողոցներում՝ քաղաքացիներից հետաքրքրվելով, թե դա բարոյական համարո՞ւմ են, թե՞ ոչ։
Քաղաքացիների մի մասը համոզմունք էր հայտնում, որ Վեհափառի այցը պետք է լուսաբանվեր՝ հաշվի առնելով նրա կարգավիճակն ու Հայ Առաքելական եկեղեցու դերակատարությունը հայ ժողովրդի պատմության մեջ։
«Իհարկե պետք է ցույց տային։ Մեր եկեղեցին պետականության բացակայության տարիներին պահպանել է մեր ինքնությունը, մեր ազգը»,- ասաց քաղաքացիներից մեկը։
Մյուսները ևս ընդգծեցին, որ իշխանությունների նման քայլերը քաղաքական ենթատեքստ ունեն։
«Այս իշխանությունների շատ գործողություններ անբարոյական են։ Սա էլ հերթական օրինակն է»,- նշեց մեկ այլ քաղաքացի։
Միևնույն ժամանակ կային նաև քաղաքացիներ, որոնք արդարացնում էին Հանրային հեռուստաընկերության որոշումը և բացասական վերաբերմունք էին հայտնում Գարեգին Բ-ի նկատմամբ։
«Մենք նրան Վեհափառ չենք համարում։ Հանրայինը մերն է, մենք էլ չենք ուզում նրան տեսնել»,- ասաց հարցվածներից մեկը։
Հարցման ընթացքում հնչեցին նաև ավելի լայն քաղաքական գնահատականներ՝ կապված իշխանությունների, եկեղեցու, Արցախի թեմայի և երկրի ներկա իրավիճակի հետ։ Որոշ քաղաքացիներ աջակցություն հայտնեցին գործող իշխանություններին՝ նշելով, որ կարևորում են խաղաղությունն ու անկախությունը, մյուսները քննադատեցին թե՛ իշխանություններին, թե՛ եկեղեցուն։
Մանրամասները՝ տեսանյութում․