
Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մենք` որպես ազգ և որպես պետություն, ձախողեցինք «Այլևս երբեք»-ը, այն չվերածելով համապարփակ ռազմավարության, և չստեղծելով այնպիսի նախնական պայմաններ, որոնք անհնար կդարձնեին «Այլևս երբեք»-ի ձախողումը, կամ առնվազն դրա գինն անասելի բարձր կլիներ: Սա ոչ միայն անվտանգության հարց էր, այլև արժանապատվության ու մենք պարտվեցինք` թույլ տալով 2020-2023 թվականների աղետը:
Մենք պարբերաբար կրկնում էինք «Այլևս երբեք» («Never again»), բայց չէինք մտածում այն մեխանիզմների մասին, որոնք «Այլևս երբեք»-ը («Never again») կգործնականացնեին` դարձնելով մեր կյանքի փիլիսոփայությունն ու մեր պետականության ֆունդամենտը:
Մենք ձախողեցինք իշխող էլիտաներ ձևավորելիս` դա դիտարկելով ոչ թե ազգային ու պետական մարտահրավերների առանցքում, այլ թիմային ու խմբային պայքարի, ինչը հանգեցրեց 2018 թվականին Հայաստանի ինստիտուցիոնալ կոլապսին ու որպես հետևանք` կոլաբորացիոնիստական մտածողության արմատացմանը հասարակության որոշակի շրջանակներում, ու որ առավել աղետալին էր` իշխող շրջանակներում:
2023 թվականին` Արցախում, էթնիկ զտումը վերջնականապես հարվածեց «Այլևս երբեք»-ի մեր բանաձևին, ցույց տալով, որ սխալվել ենք, որ այս պայքարում պարտվել ենք…
Ի տարբերություն մեզ Իսրայելը` որդեգրելով «Այլևս երբեք» («Never again») բանաձևը, այն գործիքայնացրեց, ստեղծելով իր «Samson option»-ը, որի փիլիսոփայությունն այն է, որ գոյաբանական սպառնալիքի դեպքում Իսրայելը իր հետ միասին կպայթեցնի ամեն ինչ… Գուցե ամորալ է հնչում, բայց տեսակի պաշտպանությունը չի կարող ճանաչել արգելքներ, այդ թվում` բարոյական:
Իսրայելում երբեք չասեցին, թե իրենց ԱՄՆ-ն կպաշտպանի, այլ ԱՄՆ-ն դիտարկեցին որպես օժանդակ ուժ գոյության պայքարի մեջ, բայց ոչ երբեք որպես հիմնական պաշտպան, և դա ստիպեց ձևավերել ուժի գեներացման սեփական բանաձևը:
Արդեն այսօր երբեմնի «հող խաղաղության դիմաց» բանաձևը ակտուալ չէ Իսրայելի համար, որովհետեւ Իսրայելը հասավ ուժի փոխարկման բարձր մակարդակի, որդեգրելով թրամփյան «Խաղաղություն ուժի միջոցով» բանաձևը:
Հայաստանի և Իսրայելի տարբերությունը պետականաշինության փիլիսոփայության մեջ է` ուժի փոխարկման: Նրանք ուժ գեներացնելու խնդիր ունեին, հետո` ուժի փոխարկման, իսկ հիմա` ուժի պրոյեկտման:
Մենք ունենալով ուժի պաշարներ, ձախողեցինք ուժի փոխարկման փուլում, զրկվելով ուժի պրոյեկտման հնարավորությունից:
Հիմա ունենք դեռ կարճ ժամանակ, վերաիմաստավորելու մեր անցյալն ու նախագծելու ապագան, որովհետեւ հաջորդ նման հնարավորությունն հավանաբար չեն ունենա:
Արշակունիների, Բագրատունիների և Կիլիկիայի հայկական թագավորության, Առաջին Հանրապետության վերջին օրերը ճիշտ այնպիսի ընթացք ունեին, ինչպես այսօր Երկրորդ Հանրապետությունը` հասարակության բևեռացվածություն և ներքին ատելություն, էլիտաների անզիջում պայքար իշխանության համար, արտաքին դերակատարների միջամտություն, կենտրոնական իշխանության անգործունակություն…
Պետք է գոնե այս անգամ` երկու հազարամյակների ընթացքում գեթ մեկ անգամ, կործանման շղթան ճեղքել…»: