Հաղորդավար և պրոդյուսեր Արա Ղազարյանը սոցիալական հարթակներում խիստ քննադատության է ենթարկել ապրիլի 24-ին հաջորդած զվարճանքի միջոցառումները Երևանում։ Նա իր գրառման մեջ անդրադարձել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա խորհրդին և այն հակադրել հասարակության մի հատվածի պահվածքին։
Ղազարյանը համոզմունք է հայտնել, որ արժեքային համակարգի փոփոխությունը կարող է հասնել նրան, որ հաջորդ տարի հենց ապրիլի 24-ին նշվի «քաղաքացու օրը»։
Նա չի խնայել կոշտ որակումներն այն մարդկանց հասցեին, ովքեր հիշատակի օրվանից անմիջապես հետո մասնակցում են զվարճանքների:
«25-ին նշող անուղեղ մասսայի համար վաղուց 24-ը որևէ խորհուրդ չունի։ Նիկոլի միակ լավ գործն այն է, որ բացահայտեց ու ջրի երես հանեց գետնախորշերում ծպտյալ ապրած հայի այս տեսակը»,- գրել է պրոդյուսերը։
Արա Ղազարյանն իր խոսքում հղում է արել Գարեգին Նժդեհին՝ նշելով, որ այսօրվա իրականությունը թույլ է տալիս տեսնել այն տեսակին, որին ժամանակին բնորոշել էր զորավարը։
«Վերջապես մենք հասկացանք՝ ինչպիսի տեսք ունի հայի տականքը և ում նկատի ուներ Նժդեհը»,- եզրափակել է նա։
Գրառումը սոցիալական ցանցերում բուռն քննարկումների և կարծիքների բախման տեղիք է տվել՝ դառնալով հանրային դժգոհության արտահայտման հարթակ։