«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը հայտարարել է, որ իրենց դիրքորոշումը սահմանադրական փոփոխությունների հարցում անփոփոխ է, և իրենք թույլ չեն տալու դրանց իրականացումը։
Ազգային ժողովում կայացած ճեպազրույցի ընթացքում Վարդևանյանն անդրադարձել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու՝ ադրբեջանական կողմի պահանջին՝ ընդգծելով, որ որևէ պետություն իրավունք չունի միջամտելու մեկ այլ երկրի ներքին գործերին։
Նրա խոսքով՝ թե՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե՛ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հրապարակային հայտարարություններով հաստատել են, որ Ադրբեջանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը ներկայացնում է որպես նախապայման։
Վարդևանյանը միաժամանակ ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի Սահմանադրության վրա՝ նշելով, որ այնտեղ նույնպես կան հղումներ Անկախության հռչակագրերին, որոնք, իր գնահատմամբ, ի տարբերություն հայկականի, հակամարտության առումով խնդրահարույց դրույթներ են պարունակում։
«Խնդրում եմ ուսումնասիրեք Ադրբեջանի Սահմանադրությունը։ Այնտեղ կա հղում Անկախության հռչակագրերի, իսկ դրանք, ի տարբերություն մերի, կոնֆլիկտածին են, բայց դրա վերաբերյալ խոսույթ չենք լսում»,– հայտարարել է Վարդևանյանը։
Պատգամավորը վերահաստատել է, որ իրենք դեմ են արտաքին ճնշման կամ նախապայմանների հիման վրա Հայաստանի Սահմանադրության փոփոխությանը։