Հայաստանի կառավարությունը նոր վարկ է վերցնում

Հայաստանի կառավարությունը նախատեսում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) 19,6 մլն եվրո վարկ և 543 հազար եվրո դրամաշնորհ ներգրավել՝ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) սահմանային անցակետերն արդիականացնելու նպատակով։  Վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու հարցն ընդգրկված է գործադիրի նոյեմբերի 19-ի նիստի օրակարգում։

Վարկային միջոցները տրամադրվելու են երկու մասնաբաժնով (տրանշով)՝

  • 15,6 մլն եվրո՝ սահմանային անցակետերի համար առաջադեմ սարքավորումների ձեռքբերման և ենթակառուցվածքների արդիականացման նպատակով:
  • 4 մլն եվրո (նախնական)՝ նոր մաքսային լաբորատորիայի ստեղծման և համապատասխան սարքավորումներով հագեցման համար։

Տրամադրվող 543 հազար եվրո տեխնիկական աջակցության դրամաշնորհն էլ կուղղվի գնումների գործընթացին, թվային փորձագետների ներգրավմանը և մաքսային ընթացակարգերի թվայնացմանն ու վերաձևավորմանը։

Ծրագրի արդյունքում սահմանային անցակետերը կհամալրվեն ռենտգեն սարքավորումներով, ժամանակակից կշեռքներով և մաքսային հսկողության այլ նորարարական միջոցներով։ Բացի այդ, նախատեսվում են կլիմայական դիմակայունության և էլեկտրական շարժունակության ապահովման միջոցառումներ՝ հեղեղումներից պաշտպանության և ջրահեռացման լուծումներ, երկաթուղային ենթակառուցվածքների ռիսկերի նվազեցում, ինչպես նաև էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների անվտանգ տեղադրում։

Ծրագրի յուրաքանչյուր փուլի իրականացման համար սահմանված է երեք տարի ժամկետ։ Կառավարությունում նշում են, որ այս քայլը կբարձրացնի հարկային և մաքսային վարչարարության արդյունավետությունն ու զգալիորեն կբարելավի սահմանային վերահսկողության կարողությունները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *