Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ թեժ բանավեճ է ծավալվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի միջև։ Անդրադառնալով ընդդիմության կողմից նոր Սահմանադրության ընդունման գործընթացին տրվող գնահատականներին՝ վարչապետը կտրուկ քննադատել է նախկին իշխանությունների օրոք ընդունված Մայր օրենքը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ընդդիմադիրները նոր նախագիծը որակում են որպես «Ալիևի սահմանադրություն», սակայն չեն նշում, որ իրենց իսկ ընդունած սահմանադրությունները ժամանակին «տառի ու ստորակետի մակարդակով համաձայնեցվել են դրսում»։ Վարչապետը պնդել է, որ գործող Սահմանադրությունը ստեղծված է օլիգարխիայի, կոռումպացված դատական ու պետական համակարգի և ընտրակեղծարարների շահերի համար, և որ իրենք արդեն 8 տարի է՝ որդեգրել են այն փոխելու օրակարգը։
«Մենք Հայաստանի Հանրապետությունը ձեր սարքած թակարդից հանել ենք։ Այն, որ դուք Հայաստանը պատկերացնում եք ֆորպոստ և հակամարտության փակուղի, մենք այդ փակուղուց Հայաստանը հանել ենք և շարունակելու ենք գնալ այդ ճանապարհով։ Հպարտ ենք, որ կարող ենք մեր օրակարգն իրացնելու հետ Հայաստանը բերել անշրջելի խաղաղության»,- հայտարարել է վարչապետը։
Իր ելույթում Փաշինյանը նաև ընդդիմությանը մեղադրել է պատերազմական իրավիճակի պահպանման և բանակի հաշվին հարստանալու մեջ՝ նշելով, որ պատասխանատվության ժամը եկել է, և մեղավորները «հերթով գտնում են իրենց տեղը բանտախցերում»։
Ի պատասխան այս հայտարարության՝ պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը հարցրել է, թե արդյոք վարչապետն իրեն սպառնում է բանտախուց ուղարկելով։
«Եթե դուք այդ կոռուպցիոն շղթայի մաս եք, այո, ես ձեզ սպառնում եմ։ Ոչ թե սպառնում եմ, այլ շատ շուտով բանտում կհայտնվեք, եթե կոռուպցիոն շղթայի մաս եք։ Եթե մաս չեք, դուք Հայաստանի քաղաքացի եք, ո՞վ կարող է ձեզ սպառնալ։ Ոչ մեկ»,- արձագանքել է Նիկոլ Փաշինյանը։