Խաղաղության օրակարգի շրջանակում անհրաժեշտ է համագործակցել ամենատարբեր ոլորտներում, մասնավորապես՝ անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում։ Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ կան գետեր, որոնք Հայաստանի տարածքից հոսում են Ադրբեջան, ապա կրկին վերադառնում Հայաստան ու դուրս գալիս երկրի տարածքից, ուստի անհրաժեշտ է հստակեցնել այդ ընդհանուր ջրային ռեսուրսների կառավարման կանոնները։
«Դա խաղաղ կյանքի շատ սովորական և անհրաժեշտ օրակարգ է, և առանց դրա դժվար է պատկերացնել»,- ընդգծել է վարչապետը։
Փաշինյանը հիշեցրել է, որ նմանատիպ համագործակցության փորձ Հայաստանն արդեն ունի հարևան երկրների հետ. Իրանի հետ համատեղ կարգավորվում են Արաքս գետին առնչվող բազմաթիվ հարցեր, իսկ Թուրքիայի հետ երկար տարիներ համատեղ շահագործվում է սահմանային Ախուրյանի ջրամբարը։
Վարչապետը տեղեկացրել է, որ անդրսահմանային ջրերի հարցով ներկայումս աշխատանքային խմբեր են ձևավորվում, սակայն կողմերի միջև հանդիպում դեռևս տեղի չի ունեցել։