«Սա արդեն նույնիսկ ծիծաղելի էլ չէ»․ Հակոբ Բադալյան

«Սա արդեն նույնիսկ ծիծաղելի էլ չէ»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանի հետ վերամիավորված Աննա Հակոբյանը հայտարարել է, որ դիմելու է այսպես ասած քաղաքացիական կառույցներից մեկի ղեկավար Դանիել Իոաննիսյանի դեմ քրեական գործ հարուցելու համար, քանի որ նա խախտել է իր՝ Աննա Հակոբյանի իրավունքները:

Ներեցեք, բայց սա արդեն նույնիսկ ծիծաղելի էլ չէ:

Բացատրեմ, թե ինչն է հարցը: Դանիել Իոաննիսյանի նախաձեռնած կամ ղեկավար «Անկախ դիտորդ» մարմինը դիմել է վարչական դատարան, ասելով, որ Աննա Հակոբյանի ղեկավարած Իմ քայլը հիմնադրամն ասոցացվում է կառավարող Քաղաքացիական պայմանագրի հետ և ըստ այդմ կա խնդիր օրենքի հետ: Աննա Հակոբյանն ասում է, թե չկա Իմ քայլի բարեգործության ոչ մի փաստ: Մի կողմ թողնենք՝ կա՞, թե՞ չկա: Միայն արձանագրենք, որ, եթե Իմ քայլի գործունեությունն այսպես ասած բարեգործություն չէ, ապա ի՞նչ է՝ առևտրային գործունեությո՞ւն:

Բայց, դառնանք Դանիել Իոաննիսյանի դեմ քրեական գործ հարուցելու դիմումին, որի մտադրության մասին ասում է Աննա Հակոբյանը:

Ի՞նչ է տալու այդ դիմումը: Տալու է «անտուրաժ», որ Դանիել Իոաննիսյանն իրականում իսկապես անկախ դիտորդ է, ոչ թե իշխանության հետ ասոցացվող քաղաքացիական ներկայացուցիչ: Մինչդեռ կա հենց տարածված համոզում, որ Իոաննիսյանը ֆորմալ առումով լինելով քաղաքացիական անկախ կառույցի ներկայացուցիչ, իրականում, դե ֆակտո՝ պաշտպանում է իշխանության քաղաքական շահերից բխող նարատիվներ: Ընդ որում, այդ գնահատականի փաստարկները համենայն դեպս քիչ չեն, որ կարող են ստեղծել այդպիսի տպավորություն:

Երբ Աննա Հակոբյանը քրեական գործ է հարուցում Դանիել Իոաննիսյանի դեմ, դրանով նա իրականում փաստարկ է տալիս Իոաննիսյանին, ընտրական այս շրջանում այսպես ասած «ապացուցում» նրա՝ իշխանության հետ կապ չունենալը, անկախ լինելը:

Կրկնեմ, ես չգիտեմ՝ Իոաննիսյանը ինչ կապ ունի կամ չունի իշխանության հետ, բայց նրա գործունեությունը մի շարք ակնառու դրվագներ է պարունակում, որոնք առնվազն տվել են այդպիսի տպավորություն ունենալու հիմքեր հանրության տարբեր շերտերի: Եվ ահա, Աննա Հակոբյանի քայլը անշուշտ այդ տպավորության դեմ հակափաստարկ է տալիս Իոաննիսյանին: Իսկ նախընտրական շրջանում, հաշվի առնելով նաև այն, որ Իոաննիսյանն էլ՝ ինչպես կառավարող ուժը, լծված է «հիբրիդային գրոհների» դեմ պայքարի՝ որն իրականում այլ բան չէ, քան պայքար ընդդիմության դեմ, Աննա Հակոբյանի ընձեռած այդ հակափաստարկը շատ է պետք»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *