Հերմոնում արջը հարձակվել է ընտանի կենդանիների վրա

Հերմոնում արջը հարձակվել է ընտանի կենդանիների վրա

Այսօր՝ ապրիլի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 10:00-ի սահմաններում, Եղեգիս խոշորացված համայնքի Հերմոն բնակավայրում արջը հարձակվել է գյուղացու անասունների վրա՝ պատճառելով զգալի վնաս:

Տուժածը՝ 32-ամյա Վիրաբ Ղազարյանը, «Շամշյան»-ի թղթակցի հետ զրույցում մանրամասնել է. «Ամեն առավոտ գոմը մաքրելու համար անասուններին դուրս ենք հանում դեպի մոտակա սար կամ ձորակ։ Այսօր էլ նույնն արեցինք։ Կարճ ժամանակ անց հայրս նկատեց, որ ձորում արջը հարձակվել է անասունների վրա։ Նա անմիջապես օգնության կանչեց մեր շանը, որի միջամտությունից հետո արջը փախուստի դիմեց»,– պատմում է գյուղացին։

Դեպքից հետո ընտանիքի անդամները մոտեցել են նախիրին և պարզել, որ 2 տարեկան ցուլիկը ստացել է ծանր վնասվածքներ և սատկել։ Գյուղացին անմիջապես ահազանգել է 112, դեպքի վայր են ժամանել փրկարարները, որոնք արձանագրել են կատարվածը։

Սակայն, ինչպես նշում է տուժածը, խնդիրը միայն այս մեկ դեպքով չի սահմանափակվում։ Նրա խոսքով՝ նման հարձակումները գյուղում դարձել են պարբերական, իսկ վնասների դիմաց փոխհատուցում չի տրամադրվում։«Սա առաջին դեպքը չէ, և ցավոք՝ վերջինը չի լինելու։ Մենք մշտապես տուժում ենք արջերից․ դրանք վնասում են անասուններին, մեղվափեթակներին, կոտրում ծառերը, նույնիսկ եղել են դեպքեր, երբ մարդկանց են վնասել։ Բայց երբ դիմում ենք համապատասխան կառույցներին, նույն պատասխանն ենք ստանում՝ փոխհատուցում չի նախատեսվում»,– նշում է նա։
     Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *