Բազայի հարցը Փաշինյանի այցի օրակարգում է. ԳՇ պետի ծննդավայրը Ադրբեջանը չէ՞. Ամփոփ լուրեր

Oragir.News-ը ներկայացնում է նոյեմբերի 27-ի ամփոփ լուրերը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջիկա բանակցությունների ընթացքում կքննարկեն ռուսական ռազմաբազայի հարցը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:

«Անշուշտ, կշոշափվի մեր բազայի հարցը։ Այդ բազան տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման շատ կարևոր տարր է։ Այստեղ, իհարկե, հետաքրքիր կլինի լսել հայկական կողմի տեսակետը։ Ուստի օրակարգը կլինի խիստ հագեցած»,- ամփոփել է նա։

Սպիտակ համայնքում այսօր քարոզարշավի վերջին օրն է, վաղը թեկնածուներն ու քաղաքական ուժերը պետք է պահպանեն լռությունը։ Ընտրությունները կիրակի են։ Պայքարի մեջ են «Ուժեղ Հայաստան», «Բարոյական արժեքներ», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։

«Ուժեղ Հայաստանը» քարոզարշավն ամփոփել է մեծ քայլերթով, որին մասնակցել են համայնքապետի թեկնածու Ա. Ավետիսյանը, «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներ, Սպիտակի բնակիչներ։

ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը դրական է գնահատել իրենց շանսերը, նշելով, որ քաղաքացիները մատնանշած խնդիրների լուծումները տեղ են գտել «Ուժեղ Հայաստան»-ի ծրագրում։ Նա ընդգծել է, որ իրենք պատասխանատու են իրենց հայտարարությունների, խոստումների համար։
Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը կոչ է արել Ալեն Սիմոնյանին իր հետ տանել հայ գերիներին ուղղված 1,254 նամակները Ադրբեջան:

«Քանի որ Սիմոնյանը պլանավորում է այցելել Ադրբեջան առաջիկա օրերին, շատ տեղին ու պահանջված կլինի, որ տեսակցի հայ գերիների հետ: Էլ չասեմ, որ պատեհ առիթ է գերիներին հայրենիք վերադարձնելու համար: Սակայն, եթե ինչ-ինչ պատճառներով գերիների վերադարձը կամ տեսակցությունը չի ստացվում, ապա գոնե կարող է նվազագույն քայլ անել և նշածս 1,254 նամակները հասցնի գերիներին: Ենթադրում եմ, որ նրա ադրբեջանցի գործընկերները դեմ չեն արտահայտվի նման մարդասիրական քայլի համար»,- գրել է Արտակ Բեգլարյանը:

Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր Ադրբեջանը նշելուն ադրադառնալիս, պաշտոնյաները հայտարարում են, թե դա օրենքի կարգավորման պահանջ է:

Ըստ այդ տրամաբանության՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի ծննդավայրը նույնպես պետք է նշվեր Ադրբեջան: Բայց, ինչպես տեսնում ենք, ՀՀ ՊՆ պաշտոնական կայքում զետեղված նրա կենսագրության մեջ ծննդավայրը նշված է՝ որպես Լեռնային Ղարաբաղ, իսկ ուսումը՝ Արցախի պետական համալսարան:

Այս դեպքում հարց է առաջանում՝ եթե որպես ընդունելի տարբերակ կարող է կիրառվել «Լեռնային Ղարաբաղ» անվանումը, ինչո՞ւ են արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր նշում Ադրբեջան:

Տեսանյութ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *