ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության վերականգնումը կախված է Երևանի որոշումից. Մասադիկով

Հայաստանն ինքը պետք է որոշի՝ շարունակելո՞ւ է արդյոք մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ), հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովը՝ ՏԱՍՍ-ին և «Եվրազիմութ» ամսագրին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ը Հայաստանի ներկայիս կարգավիճակը նորմալ չի համարում, քանի որ Երևանը փաստացի սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպության աշխատանքներին։

Մասադիկովը նշել է, որ Հայաստանի մասնակցությունը կարող է վերականգնվել պարտքի ամբողջական մարումից հետո։

Նրա փոխանցմամբ՝ ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհուրդը նոյեմբերին որոշում է ընդունել Հայաստանի նկատմամբ կանոնադրության 25-րդ հոդվածը կիրառելու մասին։ Այն նախատեսում է կազմակերպության բյուջեի նկատմամբ երկու տարվա ընթացքում պարտավորությունները չկատարած անդամների՝ քվոտային պաշտոնների թեկնածուներ առաջադրելու և քվեարկելու իրավունքների կասեցում։

Հայաստանը վերջին երեք տարիներին չի վճարել ՀԱՊԿ անդամավճարները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *