
«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօրվա «ալիևյան սահմանադրության» մասին խոսակցությունները ոնց որ ռուսերեն ասած «после драки кулаками не машут» վիճակը լինի։
Այսպես կոչված «ալիևյան սահմանադրության» նախագծի հայտնվելը և ապագա հավանական ընդունումը Ռուսաստանի մասնակցությամբ ստորագրված
2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության վարկաբեկման, չկատարման և տապալման ուղիղ հետևանքն է։
2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության կատարումը ձախողելու հետևանքը եղավ 2022 թ․ Արցախի համար կործանարար Պրահայի փաստաթուղթը, այնուհետև Արցախի կործանումը ևս մեկ անգամ ամրագրող և Ադրբեջանի գերակայությունը մեր նկատմամբ փաստացի հաստատող 2025 թ․ Վաշինգթոնի փաստաթուղթը։
2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը վարկաբեկելու և նրա կատարումը ձախողելու հետևանքը եղավ ոչ միայն Արցախի կորուստը, այլև հայ-ադրբեջանական կարգավորումից Ռուսաստանի միջնորդության դուրսմղումը։
Իսկ Եվրոպան ու ԱՄՆ ստացան այն ինչ ուզում էին, «ձեռքերը լվացան» և մեզ թողեցին մեն մենակ Ադրբեջանի հետ։ Եվ «ալիևյան սահմանադրությունը» այդ ամենի հետևանքն է։
Եվ այսքան աղետից հետո էլ Հայաստանում մինչև հիմա կան մարդիկ, ովքեր 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությանը կապիտուլյացիոն են համարում։ Եվ քանի դեռ այդ վերաբերմունքը նոյեմբերի 9-ի հայտարարության նկատմամբ չի փոխվել՝ որպես հետապատերազմյան լավագույն հայանպաստ փաստաթղթի, ապա Հայաստանի հետնահանջները շղթայաբար շարունակվելու են։
Այսօր Հայաստանի միակ փրկօղակը 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունն է։ Եվ Մոսկվան մինչ օրս էլ այդ հնարավորության դուռը բաց է պահում»։