Իրանական ռիալն ընկել է պատմական նվազագույնի՝ մոտենալով մեկ դոլարի դիմաց երեք միլիոնի շեմին

Իրանական ռիալն ընկել է պատմական նվազագույնի՝ մոտենալով մեկ ԱՄՆ դոլարի դիմաց երեք միլիոն ռիալի շեմին, հաղորդում է Reuters-ը։

Ազգային արժույթի թուլացումը տեղի է ունենում գնաճի արագացման, ամերիկյան պատժամիջոցների խստացման և Իրանի դեմ առևտրային սահմանափակումների ընդլայնման ֆոնին։

Արժութային շուկայի մշտադիտարկում իրականացնող Bonbast կայքի տվյալներով, շաբաթ օրը դոլարը վաճառվում էր մոտ 2,992 միլիոն ռիալով՝ նախորդ օրվա 2,938 միլիոնի դիմաց։ Alanchand կայքը հայտնել է մեկ դոլարի դիմաց մոտ 2,999 միլիոն ռիալ փոխարժեքի մասին, ինչը 1,83%-ով բարձր է նախորդ ցուցանիշից։

Իրանը վերջին տասնամյակների ընթացքում գնաճի ամենակտրուկ թռիչքներից մեկն է ապրում։ Իրավիճակը սրում է արդեն ինը ամիս շարունակվող պատերազմը. հատկապես զգալիորեն թանկացել է պարենամթերքը։

Հուլիսին ԱՄՆ-ը վերականգնել է իրանական նավահանգիստների ծովային շրջափակումը, իսկ նոյեմբերի սկզբին հայտարարել է Iron Gate օպերատիվ խմբի ստեղծման մասին, որի նպատակն է սահմանափակել զենքի և պատժամիջոցների տակ գտնվող նյութերի տեղափոխումն Իրանի ցամաքային սահմաններով և Կասպից ծովով։ Այս շաբաթ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել՝ ուղղված Իրանի տնտեսությունը համաշխարհային շուկաներից մեկուսացնելուն և ստվերային բանկային ցանցերի աշխատանքը խաթարելուն։

«Իրանի տնտեսությունը խորտակվում է, իսկ նրա ղեկավարությունը խուճապի մեջ է», — հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։

Իրանի կենտրոնական բանկի ղեկավար Աբդոլնասեր Հեմմաթին շաբաթ օրը հավաստիացրել է, որ երկիրն ունի բավարար արժութային պահուստներ՝ առաջիկա ամիսներին առաջին անհրաժեշտության ապրանքներ և դեղորայք գնելու համար։ Միաժամանակ նա ընդունել է, որ արժութային շուկայի վրա ազդում են ոչ միայն տնտեսական ցուցանիշները, այլև սպասումներն ու քաղաքական իրավիճակը։

«Արժութային շուկայի վրա բազմաթիվ գործոններ են ազդում՝ ներառյալ տնտեսությունը, սպասումներն ու քաղաքականությունը։ Մենք փորձում ենք հնարավորինս կայունացնել այն», — ասել է Հեմմաթին պետական հեռուստատեսության եթերում։

Ռիալի անկման ֆոնին բազմաթիվ իրանցիներ ձգտում են պաշտպանել իրենց խնայողությունները՝ գնելով դոլար, այլ արտարժույթներ և ոսկի։

Իրանի վիճակագրական կենտրոնի տվյալներով, հոկտեմբերին սպառողական գներն աճել են 88,7%-ով՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ։ Միջին տարեկան գնաճն արագացել է՝ հասնելով 76,8%-ի, իսկ սննդամթերքն ու խմիչքները տարեկան կտրվածքով թանկացել են 112,6%-ով։

Օգոստոսին ռիալն արդեն նոր հակառեկորդ էր սահմանել՝ հատելով մեկ դոլարի դիմաց երկու միլիոնի շեմը։ Հուլիսին երկրում տարեկան գնաճը հասել էր 66%-ի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *