Կոլորադոյի նահանգապետ, Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ջարեդ Փոլիսը հայտնել է, որ իր երեխաների համար բացել է Trump Accounts ներդրումային հաշիվներ, որոնք ստեղծվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի նախաձեռնությամբ, գրում է The Hill-ը։
Նա մյուս ծնողներին կոչ է արել հետևել իր օրինակին՝ հայտարարելով, որ ծրագրի անվանումը չպետք է խանգարի երեխաների ֆինանսական ապագայի մասին հոգ տանելուն։
«Այս հանգստյան օրերին մենք մեր երեխաների համար Թրամփի հաշիվներ բացեցինք, և դուք էլ արժե, որ նույնն անեք», — գրել է Փոլիսը Facebook-ում։
Ըստ նրա, ծրագիրը թույլ է տալիս անվճար ստանալ առնվազն 250 դոլար՝ անկախ Թրամփի կամ գործարար Իլոն Մասկի նկատմամբ ծնողների վերաբերմունքից։
Ծրագիրը սահմանվել է One Big Beautiful Bill Act օրենքով, որը Թրամփը ստորագրել է 2025 թվականի հուլիսին։ Այն ծնողներին թույլ է տալիս հարկային ներդրումային հաշիվներ բացել 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը ԱՄՆ-ում ծնված երեխաների համար։ Դաշնային կառավարությունը նախատեսում է ծրագրի պայմաններին համապատասխանող յուրաքանչյուր երեխայի հաշվին միանվագ 1000 դոլար մուտքագրել։
Փոլիսը հաջողված է համարել երեխաների համար կուտակային հաշիվների գաղափարը, թեև նշել է նաև նախաձեռնություններն իր անունով կոչելու Թրամփի հակվածությունը։ Նա տեղեկացրել է, որ երբ երեխաները դառնան 18 տարեկան, կուտակված միջոցները հնարավոր կլինի փոխանցել կենսաթոշակային հաշվին կամ կանխիկացնել՝ վճարելով 10% տուգանք։ Նահանգապետը ենթադրել է, որ մինչև այդ ծրագիրը կարող է այլ անվանում ստանալ։
Նա նաև հիշատակել է Մասկի խոստումը՝ Trump Account գործող հաշիվ ունեցող յուրաքանչյուր ամերիկացի երեխայի SpaceX-ի մեկական բաժնետոմս փոխանցելու մասին։ Փոլիսի կարծիքով, այս հնարավորությունից կարող են օգտվել նույնիսկ նրանք, ովքեր չեն համակրում Մասկին. «Եթե դուք չեք համակրում Իլոն Մասկին, մի՞թե չեք ցանկանա նրանից վերցնել նրա ընկերության մի բաժինը՝ այն նրա սեփականությանը թողնելու փոխարեն»։
ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալներով, ծրագրի մեկնարկից սկսած ավելի քան երեք միլիոն մարդ միջոցներ է մուտքագրել անհատական հաշիվներին, իսկ մուծումների ընդհանուր ծավալը գերազանցել է մեկ միլիարդ դոլարը։