Agile Robots SE ընկերության ներկայացուցիչները ՀՀ-ում քննարկել են համագործակցության հնարավորությունները

AI Conf Armenia համաժողովի շրջանակներում Հայաստան է այցելել գերմանական Agile Robots SE ընկերության պատվիրակությունը՝ ընկերության գործադիր տնօրեն և հիմնադիր Չժաոպենգ Չենի գլխավորությամբ, Linkedin-ի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը։ «Ուրախ էինք Հայաստանում հյուրընկալել Agile Robots SE ընկերությանը՝ գործադիր տնօրեն և հիմնադիր Չժաոպենգ Չենի գլխավորությամբ։

Այցը, որն անցկացվեց AI Conf Armenia համաժողովի շրջանակներում, երկխոսության արժեքավոր հնարավորություն ստեղծեց արհեստական բանականության և ռոբոտաշինության ոլորտների վերջին զարգացումների շուրջ։

Հայաստանի ամերիկյան համալսարանի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից իրականացվող Ինժեներական քաղաք կատարած այցերի ընթացքում տեղական ինժեներական ընկերությունների հետ քննարկվեցին համագործակցության հնարավոր ուղիներն ու հետագա համատեղ նախաձեռնությունները»,- գրել է Արշակյանը։

Նա հավելել է, որ այս համատեքստում ապրիլի 10-ին Հայաստանի վարչապետին կից Գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդին է ներկայացվել ASOF (Armenian Society of Fellows) և Հայաստանի նորարարական հիմնադրամի կողմից մշակված ARCS.ai ծրագիրը։

«Այն կենտրոնացած է ռոբոտաշինության և արհեստական բանականության, մասնավորապես՝ «ֆիզիկական ԱԲ»-ի (#physicalAI) զարգացման վրա՝ որպես տեխնոլոգիական հաջորդ ալիքի առանցքային ուղղություններից մեկը՝ հիմնվելով Հայաստանի ամուր կրթական և հետազոտական հենքի վրա։

Լիահույս ենք, որ այս քննարկումները կվերածվեն գործնական համագործակցության և նոր հնարավորություններ կստեղծեն առաջատար տեխնոլոգիաների ոլորտում»,- եզրափակել է Արշակյանը։

AI Conf Armenia համաժողովը Երևանում կայացել է ապրիլի 18-ին։ 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *