Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Գուտին թերահավատորեն է վերաբերվում ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում Ժոզե Մոուրինյուի հնարավոր վերադարձին։ «Մոուրինյուն հիանալի մարզիչ է, բայց, իմ կարծիքով, նրա լավագույն տարիներն արդեն անցյալում են։ Նա աշխատեց «Ֆեներբահչեում», ապա դժվարին ժամանակահատվածում գլխավորեց «Բենֆիկան»։ Ներկայումս կան շատ ավելի լավ վիճակում գտնվող մասնագետներ, որոնց ես կնախընտրեի տեսնել այդ պաշտոնում», – Գուտիի խոսքերն է մեջբերում Footmercato-ն։
Հիշեցնենք, որ պորտուգալացի մասնագետի գլխավորությամբ «արքայական» ակումբը երեք մրցաշրջանի ընթացքում նվաճել է Իսպանիայի առաջնության չեմպիոնի տիտղոսը, ինչպես նաև դարձել երկրի Գավաթակիր և Սուպերգավաթակիր։ Ժոզե Մոուրինյուն գլխավորում է Լիսաբոնի «Բենֆիկան»․ նրա գործող պայմանագրի ժամկետը պորտուգալական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականը։