
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել երկրի քաղաքացիներին՝ անկայուն իրավիճակի ֆոնին ժամանակավորապես լքել Մալին։ Համապատասխան հաղորդագրությունը հրապարակվել է գերատեսչության կայքում։
«Ֆրանսիայի քաղաքացիներին խորհուրդ է տրվում հնարավորինս շուտ նախատեսել Մալիից ժամանակավոր մեկնում՝ դեռևս հասանելի կոմերցիոն չվերթներով»,- նշել են գերատեսչությունում։
Նախարարության գնահատմամբ՝ «ապրիլի 25-ի հարձակումներից հետո Մալիի մի քանի բնակավայրերում, այդ թվում՝ Բամակոյում, անվտանգային իրավիճակը շարունակում է մնալ չափազանց անկայուն»։
Նշենք, որ ապրիլի 25-ին Մալիի կառավարական ուժերը՝ միջազգային դաշնակիցների աջակցությամբ, հետ են մղել արմատական խմբավորումների ջոկատների բազմաթիվ հարձակումները և օրվա կեսին վերականգնել են իրավիճակի վերահսկողությունը։ Հարձակումներից մեկի ընթացքում զոհվել է երկրի պաշտպանության նախարար Սադիո Կամարան։