Պարեկներին հրահանգ է իջեցվել, մարզպետները գործի են անցել, քաղաքապետարանը աշխատավարձ է պարտք․ Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազության բողոքը և ԱԺ նախկին նախագահ, ներկայումս Արտգործնախարար Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալներից Արա Բադոյանի 3,5 տարվա ազատազրկման որոշումը թողել է անփոփոխ: Բադոյանը մեղադրվում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ազգային ժողովի նախագահ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրելու համար։
Դատախազությունը ՀՀ վերաքննիչ դատարանից պահանջել էր առավել խիստ պատիժ սահմանել, սակայն դատարանը մերժել է դատախազությանը և առաջին ատյանի դատարանի որոշումը թողել անփոփոխ։

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Օրերս մարզահամերգային համալիրում Փաշինյանի մասնակցությամբ 2 միջոցառում էր անցկացվել։

Ապրիլի 4-ին մեծ դահլիճում տեղի ունեցավ ՔՊ համագումարը, երեկոյան, փոքր դահլիճում՝ Վարչաբենդի հանդեսը։

Մարզահամերգայինի տնօրեն Կարեն Ղազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ երկու դահլիճն էլ Փաշինյանի թիմին տրամադրվել է վարձակալությամբ։ «Փոքր դահլիճի համար վճարել են 3 մլն դրամ, մեծ դահլիճի համար՝ 5 մլն»,- ասաց նա։

Դիտարկմանը` բայց այլ քաղաքական ուժերին անհամեմատ ավելի բարձր գնով եք վարձակալության հանձնում, մեզ ասել են, որ մինչեւ 15 մլն դրամ է վարձավճարը, Ղազարյանն արձագանքեց․ «Չկա նման բան, մենք բոլոր քաղաքական ուժերին նույն պայմաններն ենք առաջարկել, «Ուժեղ Հայաստան»-ին էլ էինք նույն գնով տվել, մյուսներին էլ»։

«Հայաստան» դաշինքից մեզ ասացին, որ իրենք 6 միլիոն դրամ վճարել են փոքր դահլիճի համար, 15 միլիոն` մեծի: Նույն գներն են նշում նաեւ երաժիշտները:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Ըստ իրավապահ համակարգի մեր աղբյուրների, ոստիկանության պարեկներին հրահանգ է իջեցվել՝ գործարար Սամվել Կարապետյանի հետ կապված՝ շատ աչալուրջ լինել:

Ոստիկանությանը պարտավորեցրել են հերթապահություն իրականացնել Կարապետյանի առաջնորդած ուժի կազմակերպած բոլոր ակցիաների, միջոցառումների ժամանակ եւ արձանագրել բոլոր ավտոմեքենաները, որոնք ժամանում են դեպքի վայր, ֆիքսել պետհամարանիշներն ու առիթ գտնել տուգանելու կամ տուգանային հրապարակ տանելու։

Մեզ ասացին, որ պարեկներն ուղղակի զօրուգիշեր հերթապահում են «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակների հարեւանությամբ, նկարահանում, արձանագրում, տուգանում կուսակցության անդամներին տեղափոխող ավտոբուսների եւ սպրինտերների վարորդներին։

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն» ՓԲԸ-ի փակվելուց շուրջ 2 տարի անց բժշկական հիմնարկի աշխատակազմը չի ստացել աշխատավարձերը․ քաղաքապետարանը շուրջ կես տարվա աշխատավարձ է պարտք աշխատողներին:

Ծննդատան նախկին աշխատակից՝ անեսթեզիոլոգ Հայկանդուխտ Գրիգորյանը երեկ մեզ հայտնեց, որ քաղաքապետարանը թեպետ օրեր առաջ խոստացել է վճարել, բայց այնքան են խաբել, որ այլեւս չեն հավատում եւ պատրաստվում են առաջիկայում կառավարության շենքի մոտ բողոքի ձայն բարձրացնել։

«Հրապարակ»․ թերթը գրում է ․Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, որ խաչակրաց արշավանք է հայտարարել մարզի դպրոցներում տարիներ շարունակ եղած փառքի անկյունների դեմ եւ անձամբ վերահսկում է դրանք հեռացնելու գործընթացը, ըստ մարզից ստացված տեղեկությունների՝ հընթացս սկսել է նաեւ նախընտրական ճնշումներ գործադրել դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների նկատմամբ։

Նրանցից մեկը մեզ պատմեց, որ մարզպետն իրենցից ցուցակներ է պահանջում, թե ովքեր են ՔՊ-ի պոտենցիալ ընտրողները եւ ովքեր` կասկածելիները: Ինքն անձամբ ստուգում է ցուցակները, ապա՝ հրահանգավորում տնօրենին, որ լուծի այլախոհների «հարցը»՝ կա՛մ նրանց դարձնի ՔՊ-ի ընտրող, կա՛մ ազատի աշխատանքից։

«Փաստ» օրաթերթը գրում է. Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում իրականացված գյուղական բնակարանաշինության ծրագիրը, որի նպատակն էր խթանել բնակեցումը և աջակցել տեղական բնակչությանը, ըստ գյուղացիների, փաստացի չի ծառայել իր հիմնական նպատակին։ Տեղացիները ահազանգում են, որ պետական սուբսիդիաները չեն հասել հենց այն ընտանիքներին, որոնց համար նախատեսված էին, իսկ բազմաթիվ կառուցված տներ այսօր դատարկ են մնում։ Գյուղերի բնակիչները «Փաստին» հայտնել են գյուղական բնակարանաշինության ծրագրի ձախողման մասին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *