«Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակում ընդգրկված Վ.Ա.-ն համակարգել է Լոռու մարզի բնակիչների հավաքագրումը, Երևան տեղափոխումը, սննդով ապահովումը և խոստացված գումարների տրամադրումը․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում իրականացվող քրեական վարույթի շրջանակում կատարված ապացուցողական, ինչպես նաև ՆԳՆ ոստիկանության հետ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Գյուլագարակ համայնքի ավագանու անդամ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված Վ.Ա.-ն իր գործողություններով օժանդակել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավարի կամ վերջինիս անունից հանդես եկող, կուսակցության ղեկավարի գործառույթներն իրականացնող և համակարգող անձանց կողմից հավաքին մասնակցելու համար մի շարք անձանց նյութապես շահագրգռելուն․ հայտնում է Քննչական կոմիտեն։

«Մասնավորապես՝ 2026 թվականի ապրիլի 11-ին Երևան քաղաքում ի աջակցություն «Ուժեղ Հայաստան» կուսակցության կազմակերպվելիք հավաքին մասնակցելուն հարկադրելու նպատակով՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավարի կամ վերջինիս անունից հանդես եկող, կուսակցության ղեկավարի գործառույթներն իրականացնող և համակարգող անձինք ՀՀ Լոռու մարզի մի շարք բնակիչների մասնակցությունն ապահովելու համար՝ վերջիններիս նյութապես շահագրգռել են նախապես խոստացված գումարից յուրաքանչյուրին 3000-ական ՀՀ դրամ գումար տրամադրելով՝ այդ կերպ հարկադրելով նրանց մասնակցելու կազմակերպված հավաքին:

Վ.Ա.-ն, նախապես տեղեկացված լինելով նկարագրված հանցավոր գործողության մասին, խորհուրդներով, միջոցներ տրամադրելով և խոչընդոտները վերացնելով օժանդակել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավարի կամ վերջինիս անունից հանդես եկող, կուսակցության ղեկավարի գործառույթներն իրականացնող և համակարգող անձանց, այն է` համակարգել է Լոռու մարզի բնակիչների հավաքագրումը, Երևան տեղափոխումը, սննդով ապահովումը և խոստացված գումարների տրամադրումը՝ այդ կերպ նպաստելով հանցանքի կատարմանը:

Վ․Ա․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելուն օժանդակելը)։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը և բացակայելու արգելքը:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *