

Մարտի 30-ը Զրոյական թափոնների միջազգային օրն է։ 2022 թվականի դեկտեմբերի 14-ին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան իր 77-րդ նստաշրջանում ընդունեց բանաձև, որով մարտի 30-ը հռչակվեց Զրոյական թափոնների միջազգային օր։
2026 թվականին օրվա թեման կենտրոնանում է սննդի վրա՝ ինչ ենք ուտում, ինչ ենք թափում և ինչպես կարող ենք շարժվել դեպի շրջանաձև տնտեսություն։
«Պայքարը զրոյական թափոններով աշխարհի համար սկսվում է ձեր ափսեներից», – օրվա կապակցությամբ նշում է ՄԱԿ-ը։
Ամեն տարի թափվում է մոտ 1 միլիարդ տոննա սնունդ, ինչը կազմում է ամբողջ արտադրած սննդի գրեթե մեկ հինգերորդը։
Տնային տնտեսություններն արտադրում են սննդային թափոնների 60%-ը, հանրային սննդի ոլորտը՝ 28%-ը, իսկ մանրածախ առևտուրը՝ 12%-ը։
Եթե անհապաղ միջոցներ չձեռնարկվեն, ապա մինչև 2050 թվականը կոշտ կենցաղային թափոնների առաջացումը կաճի՝ հասնելով տարեկան 3.8 միլիարդ տոննայի։
Սննդային թափոններն առաջացնում են համաշխարհային ջերմոցային գազերի արտանետումների 8-10%-ը, ինչը գրեթե հինգ անգամ ավելի է, քան ավիացիոն ոլորտի արտանետումները։
Ըստ ՄԱԿ-ի՝ սա պայմանավորված է սննդային համակարգերի անարդյունավետությամբ՝ արտադրություն, բաշխում և սպառում։ Որպես լուծում առաջարկվում է վերափոխել այս համակարգերը՝ անցնելով ավելի կայուն, շրջանաձև մոտեցման, որը հիմնված է արդյունավետության, դիմակայունության և բնապահպանական կայունության վրա։
ՄԱԿ-ը նշում է, որ կառավարությունները կարող են սննդային թափոնների կրճատման միջոցները ներառել կլիմայի և կենսաբազմազանության ռազմավարություններում։ Մասնավոր հատվածը կարող է սկսել չափել կորուստները և քայլեր ձեռնարկել դրանց նվազեցման ուղղությամբ։ Իսկ սպառողները կարող են ավելի լավ պլանավորել իրենց սնունդը, կատարել գիտակցված գնումներ, ճիշտ պահպանել սնունդը և ամբողջությամբ օգտագործել գնված մթերքները։
Նշենք, որ Հայաստանում առաջանում է միջինում օրական 1,887 տոննա կամ տարեկան շուրջ 700 000 տոննա կոշտ կենցաղային աղբ։ Թափոնների 46%-ը խոհանոցային թափոններ են։

Մարտ 30, 2026 at 16:55