Հայաստանում հեղուկ գազի ճգնաժամ է։ Եթե մոտ երկու շաբաթ առաջ հեղուկ գազի մեկ լիտրի միջին արժեքը 190 դրամ էր, ապա նախորդ շաբաթ այն հասավ 270, առանձին դեպքերում՝ 300 դրամի: Հիշեցնենք, որ Իրանից և Իրաքից գազի մատակարարումները վերջին ամիսներին զգալիորեն բարդացել են, և Հայաստանը ուղիղ կախվածության մեջ է հայտնվել ռուսական ուղղությունից։
Հայաստանում կսահմանափակեն առցանց կազինոների գործունեությունը։ Ապրիլի 30-ին Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նոր փոփոխություններին, ըստ որոնց, բոլոր առցանց կազինոները պետք է իրենց կայքերում և հավելվածներում տեղադրեն ինքնաարգելափակման կոճակ։ Այդ կոճակը սեղմելուց հետո առցանց կազինոյով խաղալն արգելվելու է 5 տարի ժամկետով։
307,574 դրամ․ ճիշտ այսքան է կազմել միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում 2026թ. հունվար-մարտին։ ՀՀ ՎԿ տվյալներով՝ 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 2.9% աճ։
Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 6.9%-ով և կազմել 234,785 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 1.7%-ով և կազմել 335,802 դրամ։
Հիմա զբոսաշրջային թվեր։ 2026-ի հունվար-մարտին Հայաստան է այցելել ավելի քան 450,000 զբոսաշրջիկ 18.2%-ով ավելին, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում։
Եվ վերջում Հայաստանն ու Ադրբեջանը ՀՆԱ-ի համեմատ ամենաբարձր ռազմական ծախսերն ունեցող երկրներից են։ Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) զեկույցով՝ Հայաստանում այս ցուցանիշը կազմել է 6,1%, Ադրբեջանում՝ 6,5%, Ռուսաստանում՝ 7,5%, Իսրայելում՝ 7,8%, իսկ Ուկրաինայում՝ 40%։