«Առնվազն ծիծաղելի է»․ Հակոբ Բադալյան

«Առնվազն ծիծաղելի է»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Առնվազն ծիծաղելի է, երբ պետական պաշտոնյան հայտարարում է, թե «ընդդիմադիր ուժերն» են հայկական արտադրողների համար Վայլդբերիզի և Օզոնի շրջանակում սահմանափակումներ մտցնելու իրողության թիկունքում: Այսինքն, ընդդիմադիր ուժերն են արել այնպես, որ կիրառվեն այդպիսի սահմաափակումներ:

Սա իհարկե ծիծաղելի է մի կողմից, բայց մյուս կողմից պարզապես տխուր և մտահոգիչ է, մի քանի պատճառով: Նախ, հերթական անգամ դրսևորում է, թե սեփական լսարանի ողջախոհության ու մտածելու կարողության հանդեպ ինչպիսի արհամարհական և քամահրական վերաբերմունք ունի կառավարող ուժը: Դրանից բացի, սա դրսևորում է, թե իրականում ինչպիսին է այդ կառավարող ուժի աշխատանքի էֆեկտիվությունը: Որովհետև, եթե ընդդիմությունը կարողանում է երկրի գործարարների համար խնդիրներ ստեղծել այլ երկրի խոշոր ընկերությունների համակարգում, ապա դա նշանակում է, որ տվյալ պետությունը ՉՈՒՆԻ աշխատող կառավարություն:

Հակառակ պարագայում, եթե կառավարությունները աշխատում են արդյունավետ և պատասխանատու, աշխատում, են էֆեկտիվ և կոմպետենտ, որևէ ընդդիմություն չի կարող որևէ այլ երկրում խնդիր առաջացնել հայկական տնտեսությա համար: Եվ դա այդպես է գործնականում բոլոր երկրների պարագայում: Այսինքն, Գերմանիայի ընդդիմությունն օրինակ չի կարող Ինդոնեզիայում կամ Նահանգներում խնդիր ստեղծել գերմանական տնտեսվարողի համար, եթե երկիրն ունի կառավարություն՝ աշխատող կառավարություն: Այլ հարց է, որ հենց աշխատող կառավարությունն է իր վատ աշխատանքի և ոչ կոմպետենտության հետեւանքով ստեղծում, առաջացնում այդ խնդիրները իր տնտեսվարողի համար:

Եվ մյուսը. այդ «պատճառաբանության» նպատակը նաև մանիպուլյատիվ քարոզչական էֆեկտն է, որպեսզի զանազան տնտեսվարողները, արտադրողները այսպես ասած՝ անբարյացկամ տրամադրվեն ընդդիմադիր ուժերի նկատմամբ: Սա էլ փաստորեն նշանակում է, որ կառավարող ուժը ոտնահարում է նաև տնտեսվարողների, արտադրողների ողջախոհության կանխավարկածը»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *