Ավստրիայում ձերբակալվել է մի տղամարդ, ով առնետի թույն էր լցրել մանկական սննդի մեջ։
Ձերբակալությունը տեղի է ունեցել Զալցբուրգ դաշնային հողում, հայտնում է ավստրիական «Kronen Zeitung» թերթը։ Ըստ պարբերականի տվյալների՝ տղամարդը 39 տարեկան է և գործել է միայնակ։ Նրա դրդապատճառը եղել է գումարը. նա գերմանական «HiPP» արտադրողից պահանջել է 2 միլիոն եվրոյին հաշվաժեք կրիպտոարժույթ։ Հանցագործը սուպերմարկետներից գնել է մանկական սննդի տարաները, դրանց մեջ թույն ավելացրել և հետ դրել դարակներին։
Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ հետաքննությունը տևել է 38 օր. քննիչները աշխատել են ոչ միայն Ավստրիայում, այլև Չեխիայում և Սլովակիայում։ Հաջողվել է առգրավել թույնով լցված հինգ տարա, որոնք հայտնաբերվել են հատակին փակցված սպիտակ-կարմիր պիտակի շնորհիվ։ Այժմ Ավստրիայում փնտրում են թունավորված վեցերորդ տարան։
Հանցագործին հաջողվել է գտնել սուպերմարկետների տեսախցիկների ձայնագրությունների, ինչպես նաև «HiPP» ընկերությանն ուղարկված նրա էլեկտրոնային նամակի միջոցով։ Այժմ դատախազությունը որոշում է, թե ինչ մեղադրանքներ առաջադրել ձերբակալվածին՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու փորձի, թե՞ սպանության փորձի համար։