
Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եվրոպական գագաթնաժողովը Հայաստանում. ջերմ ընդունելություն և մի քանի էլ ավելի ջերմ հարցեր․
Հարգելի՛ եվրոպացի բարեկամներ, ուրախ ենք ձեզ տեսնել Հայաստանում։ Հուսով ենք, որ ձեր այցը միտված է մեր ժողովրդին խաղաղություն և կայունություն բերելուն ու մեր փոքրիկ Հանրապետությանն օգուտ տալուն, այլ ոչ թե սեփական քաղաքական նկատառումների վրա հիմնված առանձին օրակարգ առաջ մղելուն՝ ի վնաս մեր ժողովրդի։ Հուսով ենք՝ ձեզ դուր կգա ձեր գտնվելն այստեղ։ Թույլ տվեք ձեզ մի քանի հարց տալ.
Բաժին 1. Հայաստանը և ԵՄ-ն
1.Մենք ուրախ ենք ձեզ տեսնել Հայաստանում։ Մենք կարոտել էինք ձեզ և սպասում էինք ձեզ 2020 թվականին՝ կործանարար պատերազմի ժամանակ, երբ մեր վրա հարձակվեցին Ադրբեջանն ու Թուրքիան, ինչպես նաև սիրիացի իսլամիստ ահաբեկիչները։ Այն ժամանակ մենք օգնություն խնդրեցինք ձեզնից, բայց դուք մեզ մերժեցիք։ Ապա մենք կրկին սպասում էինք ձեզ 2022 թվականի սեպտեմբերին՝ Ջերմուկի վրա հերթական հարձակման ժամանակ, և 2023 թվականին, երբ Արցախի բնակչությունը ենթարկվեց էթնիկ զտման։ Այն ժամանակ մենք նորից օգնություն խնդրեցինք ձեզնից, բայց դուք չեկաք Հայաստան… Իսկ հիմա դուք այստեղ եք՝ ընտրություններից մեկ ամիս առաջ։ Ինչո՞ւ եք հենց հիմա եկել. օգնելու այս կառավարությանը վերընտրվե՞լ, թե՞ օգնելու Հայաստանի ժողովրդին։
2. ԵՄ ներկայացուցիչները բազմիցս ասում են, որ ողջունում են ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ մեր հանրաքվեն։ Շնորհակալություն այս ջերմ արձագանքի համար։ Եղե՞լ է արդյոք որևէ պաշտոնական արձագանք ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ մեր հանրաքվեին, և արդյո՞ք դա կհանգեցնի Հայաստանի իրական անդամակցությանը ԵՄ-ին։ Կարո՞ղ եք ասել, թե երբ մենք կդառնանք ԵՄ անդամ։ Դա տեղի կունենա ավելի շո՞ւտ, քան Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի դեպքում։ Դա կլինի 25, 50, թե՞ 100 տարի անց։
3. ԵՄ-ն աջակցում է Հայաստանի վերակողմնորոշմանը ռուսական շուկայից դեպի եվրոպական շուկա։ Կբացե՞ք արդյոք ԵՄ շուկան հայկական ապրանքների, օրինակ՝ գյուղատնտեսական մթերքների համար։ Կտրամադրե՞ք արդյոք մեզ քվոտաներ ԵՄ շուկայում, և ո՞ր երկրների հաշվին։ Ե՞րբ Հայաստանը կկարողանա իր գյուղատնտեսական արտադրանքը վաճառել ԵՄ-ում։
4. Հայաստանի տնտեսության զգալի մասը սնվում է արտագնա աշխատողներով, ովքեր իրենց օրվա հացն են վաստակում Ռուսաստանում։ Եթե մենք դուրս գանք Ռուսաստանի հետ տնտեսական միությունից, կտա՞ք արդյոք հայ աշխատավորներին ԵՄ-ում աշխատելու իրավունք։ Կընդունե՞ք արդյոք 300 հազար հայ աշխատավորների և կտա՞ք նրանց աշխատանքի թույլտվություն, որպեսզի նրանք կարողանան կերակրել իրենց ընտանիքներին։
5. ԵՄ-ն պնդում է փակել Հայկական ատոմային էլեկտրակայանը, քանի որ այն համարվում է ոչ անվտանգ։ Իսկ Թուրքիայի դեպքում. արդյո՞ք դուք ստիպում եք Թուրքիային դադարեցնել սեփական ատոմակայանի կառուցումը։ Ինչո՞ւ է մեր նկատմամբ նման հատուկ վերաբերմունք։ Եթե մենք փակենք մեր ԱԷԿ-ը, կկառուցե՞ք արդյոք մեզ համար մեկ այլ ատոմային էլեկտրակայան։
6. Եթե մենք դուրս գանք Ռուսաստանի հետ տնտեսական միությունից, գազի և էլեկտրաէներգիայի գները մեզ մոտ կեռապատկվեն։ Կկարողանա՞ք արդյոք մեզ փոխհատուցել գազի և էլեկտրաէներգիայի գնաճը։ Կարո՞ղ եք երաշխավորել, որ Ադրբեջանից հնարավոր մատակարարվող նավթը, գազը և էլեկտրաէներգիան կլինեն կայուն, մատչելի և չեն օգտագործվի Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար։
7. Հայերի համար վիզային ռեժիմի ազատականացման գործընթացը նախաձեռնել էր Հայաստանի նախորդ ղեկավար Սերժ Սարգսյանը և ամրագրվել CEPA համաձայնագրով, որը կնքվել է 2011 թվականին՝ ներկայիս ռեժիմի իշխանության գալուց յոթ տարի առաջ։ Ինչո՞ւ եք դուք առաջ մղում այս գործընթացը միայն հիմա, և ինչո՞ւ եք գովազդում վիզային ռեժիմի ազատականացման հարցը ընտրություններից մեկ ամիս առաջ։ Դա արվում է նրա համար, որպեզի հայերը կարողանան ազատ մեկնել Եվրոպա՞, թե՞ օգնելու ներկայիս ղեկավարին վերընտրվել»։