
«Հայաստան» դաշինքի հայտարարությունը Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ընդառաջ
Սիրելի հայրենակիցներ, հունիսի 4-ին Երևանում նախատեսված է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, իսկ հաջորդ օրը՝ ԵՄ–Հայաստան առաջին գագաթնաժողովը։ Սրանք իրապես կարևոր իրադարձություններ են, որոնց բովանդակային նշանակությունը Հայաստանի համար կարող էր լինել շատ ավելի մեծ, եթե հաշվի առնվեր այս միջոցառումների անցկացման ժամանակահատվածը։ Ներքաղաքական լարված մթնոլորտում, համապետական ընտրություններից շաբաթներ առաջ նման միջոցառումների անցկացումը Հայաստանի իշխանությունների կողմից անխուսափելիորեն ներկայացվելու է որպես արտաքին զորակցություն, իսկ եվրոպական քաղաքական շրջանակները ուղղակիորեն ներգրավվելու են հայաստանյան ներքաղաքական գործընթացներում։
Եվս մեկ անգամ ցանկանում ենք նշել, որ Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունները եղել են, կան և շարունակելու են մնալ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը։ Սակայն Հայաստանի իշխանությունների հետաքրքրությունը ոչ թե ՀՀ–ԵՄ հարաբերությունների բովանդակային զարգացումն է, այլ եվրոպական քաղաքական շրջանակներին Հայաստանի ներքաղաքական գործընթացներում օգտագործելը։ Ցավով արձանագրում ենք, որ Եվրոպական միության գործադիր իշխանությունը ներկայացնող անձանց հայտարարությունները միայն ավելացնում են մեր մտահոգությունները առ այն, որ Հայաստանի իշխանությունների մանիպուլյատիվ գործողությունները, կարծես, ստանում են եվրոպական սատարում։
Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ նպաստելու ՀՀ–ԵՄ գործընկերության շարունակական զարգացմանը՝ հիմնված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի», ընդհանուր արժեքների և պատմական փորձի վրա։ ՀՀ–ԵՄ հարաբերությունները պետք է հեռու պահել ինչպես ներքաղաքական նպատակներով շահագործումից, այնպես էլ աշխարհաքաղաքական դիմակայության համատեքստից, ինչի լավագույն հնարավորությունները սահմանված են «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» տրամաբանությամբ։
Մենք Հայաստան ժամանող բարձրաստիճան պատվիրակություններին կոչ ենք անում ՀՀ–ԵՄ հարաբերությունների զարգացմանը մոտենալ, հաշվի առնելով այդ հարաբերությունների լավագույն շահը, այլ ոչ թե Հայաստանում յուրային իշխանություն ունենալու քաղաքական նպատակահարմարությունը, քանի որ Հայաստանի իշխանությունների կողմից ժողովրդավարական գործընթացների կաշկանդումը, օրենքի գերակայության ոտնահարումը և քաղաքական ազատությունների սահմանափակումը հետզհետե դժվարացնելու են նրանց «եվրոպական պաշտպանությունը»։ Հայաստանի իշխանությունների ապօրինությունների նկատմամբ զուտ քաղաքական հաշվարկներով պայմանավորված կրավորական կեցվածքը, այդ թվում եվրոպական գործընկերների կողմից, հանգեցրել է Հայաստանում քաղբանտարկյալների թվի աննախադեպ աճին։
Եվրոպական կառույցները պատշաճ քաղաքական վարք չդրսևորեցին և չդատապարտեցին նաև Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ իշխանությունների սանձազերծած և շարունակվող հակաօրինական արշավը։
Հայաստանյան քաղաքական գործընթացներում մենք չենք ակնկալում արտաքին քաղաքական որևէ դերակատարի, այդ թվում՝ Եվրոպական միության միջամտությունը։ Սակայն ՀՀ արտաքին գործընկերների շրջանում Եվրոպական միությունն այն եզակիներից է, որն ունի իրավապայմանագրային պարտավորություններ՝ հետևելու Հայաստանում օրենքի գերակայությանը և ժողովրդավարական գործընթացներին։ Այս համատեքստում մենք ակնկալում ենք, որ Հայաստանում տեղակայվելիք երկրորդ քաղաքացիական առաքելությունը ամբողջությամբ հավատարիմ կմնա իր մանդատին և կառաջնորդվի քաղաքական ներառականության սկզբունքով՝ իր աշխատանքներում երաշխավորելով ընդդիմության լսելիությունը։
Ամեն դեպքում, Հայաստանում նախատեսված ներկայացուցչական միջոցառումները, լավ առիթ և հնարավորություն են բարձրաձայնելու մեր ժողովրդի ու պետության համար այնպիսի կարևոր խնդիրներ, ինչպիսին Բաքվում պահվող մեր գերիների ազատությունն ու Հայաստանի տարածքների դեօկուպացիան են։
Այս համատեքստում ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի կողմից ապրիլի 30-ին ընդունված՝ «Հայաստանի ժողովրդավարական դիմակայունության աջակցման» վերաբերյալ բանաձևի առանձին դրույթներ, որոնք վերաբերում են արցախահայության վերադարձի իրավունքին, Արցախի հայկական մշակութային ժառանգության պաշտպանությանը, հայ գերիների ազատությանը և Հայաստանում ընդդիմադիր բոլոր դերակատարների համար հավասար և մրցակցային պայմանների երաշխավորման անհրաժեշտությանը։ Ակնկալում ենք, որ Եվրոպական խորհրդարանի այս սկզբունքային դիրքորոշումը ուղենշային կլինի Եվրոպական միության գործադիր իշխանության համար։