ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ նավարկության վերականգնման «Ազատություն նախագիծ» գործողության շրջանակներում ամերիկյան դրոշով երկու առևտրային նավ հատել է Հորմուզի նեղուցը:
«Ամերիկյան զինվորականներն ակտիվորեն աջակցում են առևտրային փոխադրումների վերականգնմանն ուղղված ջանքերին։ Որպես առաջին քայլ («Ազատություն նախագիծ» գործողության շրջանակներում), ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավերը հաջողությամբ անցել են Հորմուզի նեղուցով և բարեհաջող շարունակում են իրենց ուղին»,- «X» սոցիալական ցանցում գրել է հրամանատարությունը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարել էր Հորմուզի նեղուցում արգելափակված նավերը դուրս բերելու «Ազատություն» գործողության մասին։ Այն սկսվել է այսօր առավոտյան՝ Մերձավոր Արևելքի ժամանակով:
Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով նավերի անցման ռեժիմին ԱՄՆ-ի ցանկացած միջամտություն Թեհրանը կհամարի հրադադարի ռեժիմի խախտում: