
Հայաստանի և Ադրբեջանի միջև առևտրի և փոխգործակցության այլ ոլորտների վերականգնում է նկատվում։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին հայտարարել է այցով Ադրբեջանում գտնվող Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը:
«Միևնույն ժամանակ, ուժեղանում է երկու երկրների գործադիր իշխանությունների մակարդակով համագործակցությունը։ Ներկայում նաև ընդլայնվում է Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանների միջև փոխգործակցությունը։ Տարածաշրջանում, որտեղ շարունակվում են հակամարտությունները, մենք պետք է աջակցենք Ադրբեջանի և Հայաստանի միջև առաջընթացին, քանի որ, մինչդեռ տարածաշրջանի մյուս երկրները ավելի ու ավելի են ներքաշվում հակամարտությունների մեջ, այս երկու երկրները դուրս են գալիս դրանից՝ շարժվելով հակառակ ուղղությամբ, և մենք դա գնահատում ենք» – նշել է նա։