
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Կարդում եմ հայ-ֆրանսիական ռազմավարական գործակցության հռչակագրի «մուտքի» հատվածը: Գրված է հետեւյալը, որ Հայաստանն ու Ֆրանսիան՝
Վերահաստատելով Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության հավատարմությունը միջազգային իրավունքի, մասնավորապես՝ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ և Հելսինկյան եզրափակիչ ակտով սահմանված սկզբունքների հարգմանը,
ցանկանալով իրենց երկկողմ հարաբերությունների զարգացման միջոցով նպաստել ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային անվտանգության, կայունության ու խաղաղության ամրապնդմանը,
Վերահաստատելով Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության աջակցությունը Հարավային Կովկասում տևական խաղաղության ամրապնդմանը՝ պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգանքի, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ և 1991թ․ Ալմա Աթայի հռչակագրով սահմանված սկզբունքների համաձայն…
Ուշադրություն, առաջին պարբերության մեջ նշվում է «Հայաստանի ու Ֆրանսիայի հարգանքը նաեւ Հելսինկյան եզրափակիչ ակտով սահմանված սկզբունքների հանդեպ»: Հելսինկյան եզրափակիչ ակտով սահմանված սկզբունք է ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը: Այդ սկզբունքի ներքո է նաեւ եղել արցախյան հակամարտության կարգավորման գործընթացը:
Մեջբերածս երրորդ պարբերության մեջ Հայաստանն ու Ֆրանսիան, ավելի շուտ Հայաստանի եւ Ֆրանսիայի ներկայիս իշխանությունները խոսում են Կովկասում խաղաղության աջակցության մասին, նշելով միայն պետությունների ինքնիշխանության ու տարածքային ամբողջության սկզբունքը, նաեւ ՄԱԿ կանոնադրությունն ու Ալմա Աթիի հռչակագիրը:
Հարց է առաջանում՝ ո՞ւր մնաց Հելսնիկյան եզրափակիչ ակտով սահմանված սկզբունքների հանդեպ հարգանքը: Թեեւ, դա հռետորական հարց է, որովհետեւ Հայաստանի ու Ֆրանսիայի ներկայիս կառավարողները իրականում անարգանքի են ենթարկել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը, առնվազն Արցախի ժողովրդի մասով»: