Առանց տոկոսի վարկեր գյուղացիական տնտեսությունների համար


Գյուղատնտեսական սեզոնին ընդառաջ կառավարությունն աջակցության նոր ծրագիր է հաստատել․ պետությունը կսուբսիդավորի մինչև 14 %-ով ձեռք բերված գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքները։

Ծրագիրը նախատեսված է 2026-2027 թվականների համար, յուրաքանչյուր շահառուին տրամադրվող վարկային սահմանաչափը 1-2 մլն դրամ է։
2025-ին ոլորտի համախառն արտադրանքն անցել է 1 տրլն դրամի սահմանը՝ 5,6 %-ով գերազանցելով 2024-ի ցուցանիշը։ Վիճակագրության համաձայն՝ աճ է արձանագրվել նաև այս տարվա առաջին եռամսյակում։

Անտոկոս վարկեր գյուղացիական տնտեսություններին․ այս անգամ միջոցները կհատկացվեն ոչ թե առանձին ոլորտների, այլ ագրոպարենային ոլորտի բոլոր ենթաճյուղերին։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ ծրագիրը հատկապես գյուղացիական փոքր տնտեսությունների համար է․ «Ճագարաբուծությունից մինչև թռչնաբուծություն, տոհմային անասնապահություն կամ ավանդական բուսաբուծությունից մինչև ինտենսիվ բարձր տեխնոլոգիական գյուղատնտեսություն։ Ո՞րն է ամենակարևոր կետերից մեկը․ սա հատկապես վերաբերվում է փոքր գյուղացիական տնտեսություններին, որոնք հասկանալի պատճառներով օբյեկտիվորեն հաճախ հնարավորություն չեն ունենում շատ մեծ ներդրումներ կատարելու տեխնոլոգիական գյուղատնտեսության մեջ»։

Ծրագիրը նախատեսված է 2026-2027 թվականների համար, յուրաքանչյուր շահառուին տրամադրվող վարկային սահմանաչափը 1-2 մլն դրամ է։ Տոկոսադրույքը կֆինանսավորի կառավարությունը։ Ծրագրից հնարավոր է օգտվել երկու անգամ։

«Յուրաքանչյուր շահառուի տրամադրվող վարկային սահմանաչափը այս ծրագրով 1–2 մլն դրամ է, այսինքն՝ նվազագույնը 1, առավելագույնը 2 մլն դրամ է։ Տոկոսադրույքը կառավարությունը սուբսիդավորում է, բայց ծրագրի պայման է, որ այն պետք է առավելագույնը 14 % լինի։ Կառավարության ծախսը չի կարող գերազանցել 14 տոկոսային կետը, և այդ ամբողջ 14 տոկոսային կետն էլ կառավարությունը կսուբսիդավորի, որի շնորհիվ մեր գյուղացիական տնտեսությունները 0 %-ով վարկ կկարողանան ձեռք բերել»։

Վարկի մարման ժամկետը մինչև 3 տարի է։ Գյուղացիներն առաջին 6 ամիսներին վճարումներ չեն անի։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացատրում է այս ժամկետի ընտրության տրամաբանությունը․ «Ծրագիրը մեր գյուղացիների շրջանում հայտնի է որպես անտոկոս վարկ, հիմա այս որոշմամբ մենք անտոկոս վարկի հնարավորություն ենք ստեղծում։ 6 ամսվա տրամաբանությունը հետևյալն է․ այսօր ապրիլ ամիսն է, ենթադրենք՝ ապրիլի վերջ-մայիսի սկիզբ գյուղացին վարկը վերցրեց մայիս, հունիս, հուլիս, օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, չի վճարում ոչ մի բան։ Դե ենթադրվում է, որ էս 6 ամսվա ընթացքում պետք է արդեն բերք ունենա և բերքից եկամուտ ստանա։ Այդ եկամուտից կամաց-կամաց սկսում է վարկը փակել մինչև 3 տարում։ Սա արդեն կախված է նրա և բանկի պայմանավորվածություններից»։

2025-ին ոլորտի համախառն արտադրանքը գերազանցել է 1 տրլն դրամի սահմանը։ Սա շուրջ 5,6 %-ով ավելի է 2024–ի ցուցանիշից։ Վիճակագրության համաձայն՝ աճ է արձանագրվել նաև այս տարվա առաջին եռամսյակում։ Աճը 10,5 % է:

Գյուղատնտեսական տարին արդեն մեկնարկում է։ Գյուղացիների և ոլորտի մասնագետների խոսքով՝ գլխավոր խնդիրներից մեկը ոռոգման ջուրն է։ Հայաստանից, տարբեր հաշվարկներով, տարեկան շուրջ 5 մլրդ մ3 ջուր է հոսում հարևան հանրապետություններ։ Տարեցտարի ջրային ռեսուրսները նվազում են տարբեր պատճառներով՝ բնական ու մարդածին գործոններով պայմանավորված։

Մասնագիտական դաշտում արձանագրում են, որ հողօգտագործման և ջրօգտագործման համակարգերի միջև խզում է առաջացել։ Երկրում ջուրը քաոսային կերպով է օգտագործվում, ջրանցքներից ջրի կորսուստներն ահռելի ծավալների են հասնում։ Իրավիճակից ելք է ոռոգման կաթիլային համակարգը։

ՀԱԱՀ ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնի վարիչ Գուրգեն Եղիազարյան․ «Երբ նայում ենք վերջին 30 տարիների կլիմայական ցուցանիշներին, ակնհայտ է մի բան․ հանրապետության գրեթե բոլոր գոտիներում ունենք մթնոլորտային տեղումների պակաս, գետային հոսքի նվազում, ջրամբարների թերլցվածություն։ Կաթիլային ոռոգման համակարգի ներդրումն այս իրավիճակում կարող է տեխնոլոգիական լուծում դառնալ»։

Ստեղծված իրավիճակում այլ ելք, ջրի կուտակումից բացի, չկա։ Վեդու ջրամբարն արդեն պատրաստ է, օրակարգում նաև 15 փոքր ու միջին ջրամբարների նախագծման աշխատանքներն են։

Մոլորակի բոլոր անկյուններում խնդիր է դարձել նաև կլիմայի փոփոխությունը, մասնավորապես ջերմաստիճանի բարձրացումը։ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ասպիրանտ Հայկուհի Ազիզյան․ «Օրինակ՝ Հայաստանում օդի միջին ջերամաստիճանը բարձրացել է 1,5-1,7 աստիճանով։ Կլիմայի փոփոխությունն արդեն իսկ իր ազդեցությունը թողել է»։

Երաշտը նույնպես կլիմայի փոփոխության հետևանք է։ Մասնագետները փաստում են, որ Հայաստանում խոցելի տարածքներ կան՝ Արարատյան դաշտ, Շիրակ, Սյունիքի հովիտներ։ Հորդառատ անձրևները, հեղեղումներն ու կարկուտը նույնպես կլիմայի փոփոխության հետևանք են և մարտահրավեր գյուղոլորտի համար։


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *