Հայաստանի՝ «Եվրոպայի սրտում լինելը» այրեց ՌԴ-ի ու ընդդիմության «սև սիրտը»

Երևանում վերջին օրերին տեղի ունեցող ԵՔՀ (Եվրոպական
քաղաքական համայնքի) 8-րդ գագաթնաժողովի փաստը իսկական շոկ ու ցնցում էր առաջիկա
խորհրդարանական կատաղի ընտրապայքարի մասնակցող ընդդիմության համար։ Այն
ընդդիմության, որը անթաքույց կերպով հովանավորվում, աջակցվում, ինչու չէ՝
կառավարվում է ՌԴ-ի կողմից՝ ի դեմս նախագահ Վլադիմիր Պուտինի։ Բնական է, որ այդ
մեգամիջոցառման փաստը արժեզրկելու, դրա հիմնական ուղերձները խեղաթյուրելու  համար ընդդիմությունը պետք է աներ ու
առաջիկայում էլ անելու է ձեռքից եկածն ու խելքի կտրածը։ Մասնավորապես՝ ԵՄ-ն,
գագաթնաժողովն անցկացնելով Հայաստանում հունիսի 7-ի ընտրություններից առաջ,
այսպիսով իր աջակցությունն է հայտնում Փաշինյանին, որը կատարել ու շարունակելու է
կատարել ԵՄ-ի բոլոր պահանջները, այն նույն ԵՄ-ի, որի ցուցումով ՀՀ վարչապետը
2022-ին Պրահայում «Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում» ու «լեգիտիմացրեց 2023-ի
ադրբեջանական սեպտեմբերյան ագրեսիան՝ մասնակից լինելով ԼՂ-ի հայաթափմանը»։
Ցնորամիտների հայտնի քաղաքական խմբակն էլ վերջին մի քանի օրերին  «խոդի է գցել» 300 հազար ադրբեջանցիների՝
Հայաստան վերադարձի թեման՝ գագաթնաժողովը ընդհուպ դիտարկելով որպես
«ադրբեջանցիների վերադարձի» նախապատրաստություն։ Միջոցառման իմաստի և ուղերձի
մասին մյուս քարոզչական ցնդաբանությունները թերևս չտիրաժավորենք։   

Դառնալով  միջոցառման անցկացմանը՝ որպես փաստ, մի կարևոր դիտարկում։ Ինչպես նշել էր Եվրոպական
խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը
«իսկապես պատմական է, որովհետև առաջին անգամ է, որ ԵՔՀ-ն հանդիպում է այստեղ՝ Հարավային
Կովկասում, Հայաստանին դնելով Եվրոպայի սրտում, հենց այնտեղ, որտեղին որ Հայաստանը
պատկանում է»:
Սա եվրոպացի
բարձրաստիճան չինովնիկի զուտ էմոցիոնալ պոռթկումը չէ, ոչ էլ հերթապահ հաճոյախոսություն,
այլ Հայաստանի անկախության, սուվերենիտետի ընդգծման վկայություն, ինչպես նաև մեր
երկրի՝ եվրոպական արժեհամակարգի, քաղաքակրթական նվաճումների, դեմոկրատական
ավանդույթների անսակարկելի կրողն ու հարգողը լինելու արձանագրում։ Նման
գնահատականն ու վերաբերմունքը մի երկրի հանդեպ, որը մինչև վերջերս՝ 2020 թվականի 44-օրյա
պատերազմն ու հետպատերազմական արտաքին մարտահրավերները, համարվում էր ՌԴ-ի
հենակետ, վկայում են այն մասին, որ  Հայաստանը Հարավային Կովկասում ազդեցության օբյեկտից
վերածվել է գործուն սուբյեկտի, ինքնաբավ երկրի։ Երկիր, որն այլևս դադարել է
ընկալվել որպես «աշխարհաքաղաքական որբ» և պետք չունի արտաքին հովանավորների,
խնամակալների, կարող է ինքնուրույն հոգալ իր կարիքները՝ մասնավորապես պաշտպանական,
անվտանգային, ինքնուրույն կարող է լուծել հարևանների հետ ունեցած խնդիրները, առանց
երաշխավորների առաջ մղել խաղաղության գործընթացը։ Այսինքն՝ Հայաստանի թույլ ու
անպաշտպան, որբ ու հալածական, խեղճ  ու
անկյալ լինելու մասին միֆը փշրվել է, գործընթաց, որը ԵՄ անդամ դառնալ ձգտող երկրին
տրվել է մեծագույն զրկանքների՝ հետպատերազմական արհավիրքների, կորուստների, ցավալի
զիջումների, նաև՝ ներքաղաքական առումով ոչ պոպուլիստական որոշումների գնով։

Հայաստանի հենց այս նոր կարգավիճակի հետ է, որ ոչ մի
կերպ չի համակերպվում ռազմավարական դաշնակիցը՝ ՀՀ-ում կառավարող ուժին
վերաբերվելով որպես «անառակ որդու», որի «վերադարձի» ուղղությամբ ամեն ջանք պետք է
գործադրել՝ խաղաղության գործընթացը իրեն հասանելի եղանակներով խոչընդոտելով,
ԹՐԻՓՓ-ի իրագործումն իրեն առնչվող դրվագով (երկաթուղու) «տոռմուզ անելով»,
արժեզրկելով ամեն բան, ինչն ասոցացվում է եվրաինտեգրացիայի հետ,  տնտեսական սանկցիաներ գործադրելով և, վերջապես,
ՀՀ-ի նկատմամբ քարոզչական «հատուկ ռազմական գործողություն» իրականացնելով՝ որպես
այդպիսի գործողության  բացառիկ առիթ դիտարկելով
ՀՀ-ում սպասվող առաջիկա խորհրդարանական ընտրությունները։ Իզուր չէ, որ
ռուսաստանյան տարբեր տրամաչափի չինովնիկներ գլխապատառ հայտարարում են, թե հունիսի
7-ի ընտրություններով պետք է «ուշքի բերել» Հայաստանին՝ կասեցնելով վերջինիս
ռազմավարական շրջադարձը դեպի ԵՄ։ Հենց այդ շրջադարձը կասեցնելու համար է, որ
Պուտինը Հայաստան է առաքել իր «վերջին մոհիկանին»՝ կալուգացի հայտնի բիզնեսմենին,
որին գործը գլուխ բերելու համար պետք է աջակցեն 
ռուսա-բելառուսամետ մյուս՝ թող որ հալումաշ եղած, սևսիրտ դարձած, բայց
Պուտինի արևով երդվող սուբյեկտները՝ Քոչարյանը, Ծառուկյանն ու Կիրիենկոյի
կոնտորայի մյուս «թևերն» ու «տոտերը»։        

Հ. Մ. 

 

 

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *