Ձերբակալվել է Mersedes Benz-ի 19-ամյա վարորդը, որը նկարահանել էր իր օրինախախտ վարքն ու վթարի ենթարկվել

Մայիսի 6-ին Համայնքային ոստիկանության Ավանի բաժնի ծառայողները կարգազանց 19-ամյա վարորդին  հայտնաբերել, ձերբակալել և ներկայացրել են նախաքննական մարմին։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ՆԳՆ-ից։

Հիշեցնենք, որ նա գերազանցել էր արագությունը, նկարահանել էր իր օրինախախտ վարքը, ապա Մյասնիկյան պողոտայում բախվել ավտոբուսին։

«Ապրիլի 23-ին՝ ժամը 12:40-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ջրվեժ թաղամասի 19-ամյա բնակիչը, երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ դրսևորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք, ակնհայտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, իր կողմից շահագործվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում բախվել է թիվ 53 համարի երթուղին սպասարկող ավտոբուսին և մեկ այլ մեքենայի։

Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածների, այդ թվում՝ խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ»,- ասվում է հաղորդագրությունում։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել 19-ամյա տղայի նկատմամբ, որը վերջերս խոշոր ավտովթարի պատճառ էր դարձել։ Պարզվել էր, որ նրա վարորդական վկայականը չի գործել, իրավունքը կասեցված է եղել։

Համացանցում տարածված տեսանյութում լսվում է, թե ինչպես է Վարդան Մարկոսյանը  խոսում վարորդներից ինչ-որ մեկին «նվաստացնելու» մասին, Mercedes-Benz CLS մակնիշի մեքենան սկսում է վարել մեծ արագությամբ և վտանգավոր մանևրից հետո բախվում 53 երթուղին սպասարկող ավտոբուսին։ 

Մեքենան բախվել է նաև «Տոյոտա» և «Յագուար» մակնիշի մարդատարների,  անցել բաժանարար գոտու բետոնե պատնեշը և հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում։ Քրեական վարույթ նախաձեռնվել էր նախ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հոդվածով, ապա՝ տրանսպորտային միջոցը վարելու իրավունքը կասեցված վիճակում վարելու համար։ Երկու վարույթները միացվել են իրար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *