Հակամարտության կարգավորման ամերիկյան վերջին ծրագիրը Թեհրանի համար անընդունելի պայմաններ է պարունակում։ Այդ մասին հայտնել է իրանական Tasnim գործակալությունը՝ հղում անելով սեփական աղբյուրին։
Ըստ աղբյուրի՝ չնայած ամերիկյան լրատվամիջոցների հրապարակումներին, թե կողմերը մոտ են հուշագրի ստորագրմանը, Իրանը պաշտոնական պատասխան ԱՄՆ-ի առաջարկին այդպես էլ չի տվել։ Աղբյուրը նշել է նաև, որ ամերիկյան մեդիայի տեղեկատվական արշավը նպատակ ունի արդարացնել նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը՝ Հորմուզի նեղուցով նավերի տարանցումն ապահովելու Project Freedom գործողության ավարտի վերաբերյալ։
Ավելի վաղ Axios պորտալը հայտնել էր, որ Վաշինգտոնն ու Թեհրանը մոտ են զինված հակամարտության դադարեցման մասին մեկ էջանոց հուշագրի ստորագրմանը։ Ըստ պարբերականի տվյալների՝ ամերիկյան կողմն Իրանի պատասխանին սպասում է 48 ժամվա ընթացքում։ Հանրապետության ԱԳՆ ներկայացուցիչ Էսմաիլ Բաղային իր հերթին հայտարարել է, որ Իրանը շարունակում է ուսումնասիրել առաջարկները և պատասխանը կփոխանցի պակիստանյան կողմի միջոցով։