Ըստ հարազատներին մեզ հայտնած տեղեկատվության, երեխայի հարցաքննությունը տեղի է ունեցել միայն հոգեբանի և քննիչի մասնակցությամբ, առերեսումը տեղի է ունեցել հոգեբանի, քննիչի և երրորդ անձի՝ բարերարի մասնակցությամբ, առանց օրինական ներկայացուցիչի։ Այս մասին, այսօր՝ մայիսի 6–ին, մամուլի ասուլիսում նշեց փաստաբան Վարդուհի Էլբակյանը՝ անդրադառնալով Վեդիում երկու անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնի գործողությունների գործին։
«Երեխայի հայրը դրսում կանգնած է եղել, երեխայի հորը թույլ չեն տվել, որպեսզի մասնակցի որպես օրինական ներկայացուցիչ: Սեռական բնույթի հանցագործության զոհ դարձած երեխաների հարցաքննության կարգին չեն տիրապետում, քննիչները երկուսն էլ տղամարդ են, դատական բժիշկը տղամարդ է։ Երբ ես հարցնում եմ՝ աղջիկ ջան, ինչի համար դատական բժշկին մոտ թույլ չես տվել, որ քեզ զննեն, ասում է՝ ես վախեցա։ Տղամարդկանցից երեխաները ընդհանրապես վախ են զգում, և դա բնական է։ Խոսում ենք 15 և 17 տարեկան երեխաների մասին։
Պատկերացնում եք, առերես հարցաքննության ժամանակ 15 տարեկան երեխուն այն մարդու դիմաց են նստացնում, ումից ինքը սարսափում է։ Ինքն ասել է՝ ինքը ինձ ոչ մի բան չի արել, իսկ երեկ մեզ ասում է՝ ես չեմ կարող ասեմ, ես վախենում եմ»,–ասաց նա։
Փաստաբանը տեղեկացրեց, որ 17 տարեկան աղջկա մասով կա արդեն դատաբժշկի եզրակացություն. «Նա զննվել է, եզրակացությունը երեկ են մեզ տրամադրել, և այդ եզրակացությունը համընկել է երեխայի պատմածի հետ։ Սա արդեն իսկ հիմք պետք է հանդիսանար իրենց կողմից կոնկրետ գործողություններ կատարելու համար։
Լրացուցիչ մեր միջոցներով, մեր միջնորդությամբ երեխաները հետազոտվել են, դրա մասին զուտ ելնելով երեխաների շահերից չեմ ուզում խոսել, բայց այն ինչը հայտնաբերել ենք, սարսափելի է։ Մենքսահմռկեցուցիչ քաստեր ունենք այս պահին մեր ձեռքի տակ, որը ոչ թե մենք պետք է հավաքագրեինք, այլ իրենք պետք է դրանք ունենային»։
Փաստաբանը հայտարարեց, որ ակնհայտորեն այս գործով անցնող անձինք հատուկ արտոնյալ կարգավիճակներից են օգտվում, սակայն չգիտի, թե որն է դրա պատճառը։
«Ինչ վերաբերվում է քննչական կոմիտեի հայտարարությանը, ո՞նց կարելի է այս գործով անչափահաս երեխաների անձնական կյանքին վերաբերվող տեղեկատվությունը այդ աստիճանի բացահայտ տալ։ Բա որ հանկարծ այս երեխեքը գնան ինքնասպանության փորձ անեն, դուք պատկերացնու՞մ եք մենք ինչի դիմաց ենք կանգնելու։
Երեխեքը էլ փողոց էլ դուրս չեն գալիս, իրենց տներում չեն ապրում, ապրում են ցաքուցրիվ, ամեն մեկը մի տեղ, հարազատներն են տարել։