Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակումը 1 մլրդ դոլարի եկամուտ կբերի Հայաստանին․ ղազախ փորձագետ

Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների լիակատար ապաշրջափակումը կարող է մինչև 1 միլիարդ դոլարի հավելյալ շահաբաժիններ բերել Հայաստանին՝ պայմաններ ստեղծելով զարգացման նոր մոդելի և տնտեսական աճի կայուն կետերի ձևավորման համար։ Այս մասին մայիսի 6-ին՝ Հայաստանի և Ղազախստանի միջև փոխգործակցության արդի հարցերի փորձագիտական քննարկման ժամանակ, հայտարարել է Ղազախստանի նախագահին առընթեր Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Ժանար Գաբդուլինան։

Իր ելույթում նա ընդգծել է, որ երկու երկրների ներկայիս համագործակցությունն արդեն լցված է կոնկրետ տնտեսական բովանդակությամբ, քանի որ Ղազախստանում գործում է հայկական կապիտալով ավելի քան 400 ընկերություն, իսկ Հայաստանում՝ ղազախական բիզնեսի մասնակցությամբ շուրջ 100 ձեռնարկություն։ Փոխադարձ առևտրի դինամիկան տպավորիչ արդյունքներ է ցուցադրում. 2020-2024 թվականներին ապրանքաշրջանառությունն աճել է գրեթե հինգ անգամ։ Ինչպես նշել է Գաբդուլլինան. «Ապրանքաշրջանառությունը նախ 100 միլիոն դոլարի հասցնելը, իսկ այնուհետև 200-300 միլիոնի շեմին հասնելը լիովին իրատեսական է՝ հաշվի առնելով մետալուրգիայի, քիմիական արդյունաբերության և շինանյութերի ոլորտներում առկա ներուժը»։ Բանախոսը շեշտել է, որ երկրները չպետք է սահմանափակվեն միայն հումքային հատվածով՝ ուշադրություն հրավիրելով արհեստական բանականության և ֆինանսների ոլորտների հսկայական ներուժի վրա։ Այս գործընթացի կարևոր տարր կդառնա նաև պարենային անվտանգությունը. Ղազախստանի ազգային հացահատիկային օպերատորը պատրաստ է ապահովել հացահատիկի կանոնավոր երկաթուղային մատակարարումներ։ Դրանց ծավալը կարող է հասնել 15–20 հազար տոննայի։

Զեկույցում հատուկ ուշադրություն է դարձվել Եվրասիայի տրանսպորտային ճարտարապետության վերափոխմանը, որտեղ Ղազախստանը հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը դիտարկում է որպես նոր տրանսպորտամոդուլային համակարգի ձևավորման օրինակ։ Ժանար Գաբդուլլինան ընդգծել է այս ուղղության նշանակությունը. «Մենք «Խաղաղության խաչմերուկը» դիտարկում ենք ոչ միայն որպես ենթակառուցվածքային նախագիծ, այլև որպես նոր տրանսպորտամոդուլային համակարգի ճարտարապետության ձևավորման օրինակ, որը թույլ է տալիս միավորել բեռնահոսքերը և ստեղծել աշխատատեղեր»։ Բանախոսի խոսքով՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջոցով նոր երթուղիների գործարկումը շրջադարձային պահ է լոգիստիկայի դիվերսիֆիկացման համար։

Այս համակարգում Ղազախստանը հանդես է գալիս որպես հենակետային կենտրոն, իսկ Հայաստանը՝ որպես Հարավային Կովկասի առանցքային օղակ։ Ժանար Գաբդուլլինան ամփոփել է, որ տրանսպորտային ոլորտի որակական անցումը թույլ կտա ոչ միայն ապահովել մատակարարումների կանոնավորությունը, այլև էապես ուժեղացնել ամբողջ տարածաշրջանի տնտեսական մրցունակությունը՝ նվազագույնի հասցնելով քաղաքական և լոգիստիկ ռիսկերը։ «Այս պահին կարևոր է ներուժի հաշվարկից անցնել դրա գործնական իրականացմանը», — եզրափակել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *