Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հաստատել է ձգտումը դեպի կառուցողական անդրատլանտյան հարաբերություններ՝ չնայած իրանական հակամարտության հարցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած տարակարծություններին։ Դրա մասին նա հայտարարել է ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Ես նախկինի պես ձգտում եմ լավ անդրատլանտյան հարաբերությունների, նույնիսկ եթե հարցի էության վերաբերյալ մեր կարծիքները տարբերվում են»,- ասել է Մերցը՝ հիշեցնելով, որ Թրամփի հետ տարաձայնություններ նախկինում էլ են եղել, մասնավորապես՝ Ուկրաինայի հակամարտության պատճառների վերաբերյալ։ Ըստ կանցլերի՝ հակասություններն իր համար խնդիր չեն. նույնիսկ ամուր գործընկերության մեջ հնարավոր են տարբեր տեսակետներ։ Մերցը նշել է նաև, որ պարբերաբար հեռախոսակապ է հաստատում ԱՄՆ նախագահի հետ։
Ավելի վաղ Թրամփը քննադատել էր Մերցին Իրանին առնչվող իրավիճակը չհասկանալու համար, իսկ Գերմանիան անվանել էր ոչ տնտեսական առումով, ոչ էլ այլ ոլորտներից գլուխ չհանող «կոտրված» երկիր։