MV Hondius զբոսանավը, որում հանտավիրուսի բռնկում է գրանցվել, լքել է Կաբո Վերդեի ջրերը և ուղղություն վերցրել դեպի Կանարյան կղզիներ, հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը։
Նավը երեք օրից պետք է ժամանի Տեներիֆե կղզու Գրանադիլյա նավահանգիստ։ Կաբո Վերդեի իշխանություններն ավելի վաղ զբոսանավին թույլ չէին տվել մտնել մայրաքաղաք Պրայայի նավահանգիստ, ինչի պատճառով այն գրեթե երեք օր բաց ծովում էր։ Նախապատրաստական աշխատանքներից հետո նավից տարհանվել է վարակի կասկածանքով երեք ուղևոր՝ Միացյալ Թագավորության, Գերմանիայի և Նիդերլանդների քաղաքացիներ։ Նրանց տեղափոխել են Պրայայի օդանավակայան՝ հետագայում բժշկական չվերթներով Նիդերլանդներ և Կանարյան կղզիներ ուղարկելու համար։ Նրանցից երկուսի առողջական վիճակը գնահատվում է ծանր։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ տախտակամածին գրանցվել է հանտավիրուսով վարակման ութ դեպք, որից երեքն ավարտվել է մահվան ելքով։ Հարավաֆրիկյան Հանրապետության առողջապահության նախարար Աարոն Մոթսոալեդին հայտնել է, որ հայտնաբերվել է «Անդես» շտամը, որն ընդունակ է փոխանցվելու մարդուց մարդուն՝ սերտ շփման միջոցով։
Նիդերլանդների դրոշի տակ նավարկող զբոսանավը երեք շաբաթ առաջ դուրս էր եկել արգենտինական Ուշուայա քաղաքից և ուղևորվում էր Կանարյան կղզիներ։ Նավում կար շուրջ 150 մարդ՝ հիմնականում ԱՄՆ-ի, Միացյալ Թագավորության, Իսպանիայի և Նիդերլանդների քաղաքացիներ, ինչպես նաև անձնակազմի կազմում Ռուսաստանի մեկ քաղաքացի։ Երթուղու ընթացքում նավը կանգառներ է արել Ատլանտյան օվկիանոսի մի քանի կղզիների մոտ։
Հանտավիրուսները մարդուն փոխանցվում են հիմնականում կրծողներից, սակայն որոշ շտամներ կարող են տարածվել մարդկանց միջև։ Ծանր դեպքերում հիվանդությունը կարող է թոքերի ախտահարում, սրտային անբավարարություն և հեմոռագիկ տենդ առաջացնել։