Հունգարիայի ոստիկանությունը՝ նպատակային չօգտագործման և փողերի լվացման մասին հետաքննության շրջանակում, սառեցրել է մեդիամագնատ Դյուլա Բալաշիի հաշիվներն ու ակտիվները, որի ընկերությունները պետական պայմանագրեր էին ստանում վարչապետ Վիկտոր Օրբանի կառավարության օրոք։ Այս մասին Reuters-ը հայտնում է՝ հղում անելով իրավապահ մարմիններին։
Հետաքննությունը ուսումնասիրում է ՖԻԴԵՍ կուսակցության իշխանության տարիներին Բալաշիի ընկերությունների հետ կնքված պայմանագրերը։ Նաեւ սկսվել է առանձին քննություն՝ պայմանագրերի արժեքի հնարավոր ուռճացման և բյուջետային միջոցների յուրացման փաստերով։
Ոստիկանությունում նշել են, որ հետաքննությունը կապված է միջոցառումների կազմակերպմամբ զբաղվող ընկերությունների խմբի հետ, որի մասին ավելի վաղ ինքը՝ Բալաշին, խոսել էր ԶԼՄ-ներում։
Ավելի վաղ Kontroll պարբերականին տված հարցազրույցում գործարարը հայտարարել էր, որ իշխանափոխության դեպքում պատրաստ է իր ընկերությունները և ներդրումների մի մասը փոխանցել պետությանը։ Նա ընդգծել էր, որ իր կառույցների գործունեությունը չի համարում անօրինական, սակայն չի բացառում դրա ավելի «պետական» կառավարման ձևը։
Դյուլա Բալաշին տնօրինում է մի շարք խոշոր մեդիաընկերություններ, որոնք Օրբանի օրոք աշխատել են պետական նախագծերում գովազդի և հաղորդակցությունների ոլորտում։
Ընդդիմադիր քաղաքական գործիչ Պետեր Մադյարը ավելի վաղ մեղադրել էր իշխանության հետ կապված բիզնես-կառույցներին խոշոր գումարների արտահոսքի մեջ՝ ներառյալ ԵՄ երկրներ, ԱՄԷ և ԱՄՆ։
«Տիսա» կուսակցությունը հաղթել է ապրիլի 12-ի խորհրդարանական ընտրություններում՝ ստանալով սահմանադրական մեծամասնություն։ Դրանից հետո Վիկտոր Օրբանը ճանաչել է պարտությունը և հայտարարել հրաժարականի մասին՝ 16 տարի կառավարության ղեկին լինելուց հետո։