Վաշինգտոնի կողմից Թեհրանի հետ փոխըմբռնման ներկայացված հուշագիրը վերաբերում է Օրմուզի նեղուցի փուլային բացմանը և Իրանի նավահանգիստների նկատմամբ ամերիկյան շրջափակման վերացմանը, մինչդեռ իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները նախատեսվում է վարել ավելի ուշ, գրում է Bloomberg-ը։
«Վաշինգտոնը ներկայացրել է մեկ էջանոց փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է Օրմուզի նեղուցի աստիճանական բացում և իրանական նավահանգիստների նկատմամբ ամերիկյան շրջափակման վերացում։ Իրանական միջուկային ծրագրի շուրջ մանրամասն բանակցությունները տեղի կունենան ավելի ուշ», — հայտնել է գործակալությունը՝ հղում անելով մի աղբյուրի, որը ընդգծել է, որ «առայժմ ոչինչ համաձայնեցված չէ»։
Ըստ աղբյուրի՝ ակնկալվում է, որ Իրանը ԱՄՆ-ի առաջարկին իր պատասխանը երկու օրվա ընթացքում կփոխանցի պակիստանցի միջնորդների միջոցով։
Միևնույն ժամանակ գործակալությունը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ իրանական պետական ԶԼՄ-ները «ակնարկել են, որ ԱՄՆ-ի առաջարկի որոշ դրույթներ շարունակում են մնալ իրանական ղեկավարության համար անիրատեսական»։
Իր հերթին Axios պորտալը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին, նույնպես հայտնում է, որ Վաշինգտոնում սպասում են Թեհրանի պատասխանը «առաջիկա 24-48 ժամվա ընթացքում»։
«Մենք նպատակին այնքան էլ հեռու չենք, բայց համաձայնություն դեռ չկա», — Axios-ին ասել է այդ պաշտոնյաներից մեկը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողներին հայտարարել էր, որ Վաշինգտոնը վերջին 24 ժամում հաջող բանակցություններ է անցկացրել Թեհրանի հետ, և մոտ ժամանակում հնարավոր կլինի հասնել համաձայնության։
«Եթե դրան հասնենք, նրանք միջուկային զենք չեն կարող ունենալ», — ընդգծել է Թրամփը։