Ֆրանսիան իր ավիակիր հարվածային խմբավորումը տեղակայել է Կարմիր ծովում։ Փարիզը պատրաստում է լայնածավալ առաքելություն՝ Հորմուզի նեղուցի անվտանգության համար, հաղորդում է Reuters-ը։
Ֆրանսիայի նախագահական նստավայրի ներկայացուցիչը բրիֆինգի ժամանակ բացատրել է Փարիզի քայլերի պատճառները․ «Պատճառը, թե ինչու այսօր մենք պետք է նոր ջանքեր գործադրենք, այն է, որ Հորմուզի շրջափակումը շարունակվում է, վնասը համաշխարհային տնտեսությանը դառնում է ավելի ու ավելի նկատելի, իսկ մարտական գործողությունների ձգձգման ռիսկը չափազանց լուրջ է, որպեսզի մենք դա ընդունենք»։
Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան միասին են աշխատում և արդեն մի քանի շաբաթ է՝ պատրաստում են հատուկ առաջարկներ՝ անվտանգ նավարկության համար։ Պլանը պետք է գործի կոնֆլիկտի սուր փուլի մասին որոշումից հետո։
Charles de Gaulle ավիակիրը ծով չի դուրս եկել միայնակ։ Նրան ուղեկցում են իտալական և հոլանդական ռազմական նավեր, և այժմ ամբողջ այս խումբը շարժվում է դեպի Կարմիր ծովի հարավային հատվածը։
Ռազմականների առջև դրված են հետևյալ խնդիրները՝ գնահատել տարածաշրջանում օպերատիվ իրավիճակը, ընդլայնել ճգնաժամի կառավարման տարբերակները, ինտեգրել գործընկերների ուժերը պաշտպանության միասնական համակարգում, հավաստիացնել ծովային առևտրի մասնակիցներին անվտանգության հարցում։
Փարիզը առաջարկում է բարդ փոխզիջում․ Իրանին պետք է տրամադրվի ազատ անցում իր նավերի համար նեղուցով, բայց փոխարենը Թեհրանը պետք է սկսի բանակցություններ միջուկային ծրագրի և հրթիռների շուրջ։ ԱՄՆ-ն իր հերթին պետք է վերացնի շրջափակումը։
Ֆրանսիական նախագահական վարչության պաշտոնյան հավելել է․ «Մենք առաջարկում ենք, որ Իրանին տրամադրվի իր նավերի անցումը նեղուցով, և փոխարենը նա պարտավորվի բանակցություններ վարել ամերիկացիների հետ միջուկային նյութերի, հրթիռների և տարածաշրջանի հարցերով, ինչպես նաև առաջարկում ենք, որ ամերիկացիները իրենց հերթին վերացնեն Հորմուզի նեղուցի շրջափակումը և փոխարենը ստանան Իրանի բանակցային պարտավորությունները»։
Նման պայմաններում մենք կարող էինք տեղակայել բազմազգ ուժեր՝ ապահովելու համար Հորմուզի նեղուցը հատող կոնվոյների պահպանությունը, և դա, ակնհայտորեն, պահանջում է, որ իրանցիները չկրակեն նավերի վրա»։