Ապրիլի 30-ին Ադրբեջանը և Վատիկանը համաձայնագիր են ստորագրել Սուրբ Պողոսի տաճարի չորս արձանների վերանորոգման վերաբերյալ՝ այն բանից շաբաթներ անց, երբ ադրբեջանական ռեժիմը քանդեց հայկական տաճարը Ստեփանակերտում։ Հայտարարությունն արվել է Վատիկանի Պալացո դելլա Կանչելերիա եկեղեցում կայացած շնորհանդեսի ժամանակ, որտեղ ադրբեջանական ռեժիմի «խավիարային դիվանագիտության» թև համարվող հիմնադրամը ներկայացրել է 2012 թվականից ի վեր Վատիկանում ֆինանսավորված տարբեր նախագծերը․ գրել է The Pillar-ը։
Հեյդար Ալիևի հիմնադրամի հայտարարության մեջ ասվում է, որ միջոցառման ընթացքում տեղի է ունեցել «Պանտես կուլտուրաե» գրքի շնորհանդեսը, որը ներկայացնում է հիմնադրամի կողմից Վատիկանում իրականացված աշխատանքները, ինչպես նաև Սուրբ Աթոռի Ադրբեջանի հետ «բարեկամության և համագործակցության» մասին վավերագրական ֆիլմ։
Սուրբ Աթոռում Ադրբեջանի դեսպան Իլգար Մուխտարովն ասել է, որ «այս նախագծերը չեն սահմանափակվում միայն ճարտարապետական հուշարձանների վերականգնմամբ, այլև ծառայում են որպես մարդկության կոլեկտիվ հիշողության նկատմամբ հարգանքի արտահայտություն, անցյալի և ապագայի միջև հոգևոր երկխոսություն հաստատելու և համամարդկային արժեքներn ապագա սերունդներին փոխանցելու միջոց»։
Հայտարարությունը հնչել է մի քանի օր անց այն բանից հետո, երբ ադրբեջանական ռեժիմը քանդեց Ստեփանակերտ քաղաքում գտնվող Սուրբ Աստվածածին հայկական տաճարը: Կայքը հիշեցրել է, որ ԼՂ տարածաշրջանը վերահսկվում է Ադրբեջանի կողմից 2023 թվականից՝ այդ տարածքում իրականացված հարձակումից հետո, որի հետևանքով տեղահանվել է 120,000 էթնիկ հայ։
Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք կազմակերպություններ և հայ ակտիվիստներ տաճարի քանդումը բնութագրել են որպես տարածաշրջանում համակարգված մշակութային ոչնչացման ավելի լայն օրինաչափության մի մաս։ Տաճարի ավերում իրականցվել է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելից կարճ ժամանակ առաջ։
Մշակութային ժառանգության պահպանման Monument Watch կազմակերպությունը հայտնել է, որ Սուրբ Հակոբի եկեղեցին, որը կառուցվել է 2007 թվականին և գտնվում է նույն քաղաքում, նույնպես քանդվել է ապրիլի սկզբին։
Կայքն ընդգծել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Վատիկանը քննադատության է ենթարկվում ադրբեջանական ռեժիմի հետ իր կապերի համար, որը մարդու իրավունքների կազմակերպությունների կողմից մեղադրվում է սահմանամերձ տարածքներում հայ քրիստոնյաների նկատմամբ էթնիկ հալածանքների մեջ։