ԱՄՆ-ն ցանկանում է Patriot-ից մի քանի անգամ ավելի էժան ՀՕՊ համակարգեր պատրաստել․ WSJ

ԱՄՆ զինված ուժերը մտադիր են նոր ՀՕՊ համակարգեր մշակել։ Դրանց կիրառումը զգալիորեն ավելի էժան կլինի, քան Patriot համակարգերի հրթիռները։ Այս մասին հայտնել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ԱՄՆ ցամաքային զորքերի նախարար Դենիել Դրիսկոլին։

Ինչպես նշվում է հոդվածում, Patriot համակարգերի համար նախատեսված PAC-3 հրթիռի արժեքը հասնում է 4,4 միլիոն դոլարի։ ԱՄՆ ցամաքային զորքերը հույս ունեն, որ նոր հակահրթիռների մեկ միավորի արժեքը չի գերազանցի 250 հազար դոլարը։ «Մենք ցանկանում ենք հասկանալ՝ արդյո՞ք կարող ենք զրոյից ստեղծել հակահրթիռ, որը կլինի մեր մտավոր սեփականությունը։ Հետո մենք պետք է կապալառու գտնենք՝ այն արտադրելու համար»,- պարբերականը մեջբերում է Դրիսկոլի խոսքերը։ Ըստ նախարարի ծրագրի՝ նոր նախագիծը պաշտոնապես կմեկնարկի առաջիկա շաբաթներին, իսկ մեկ տարվա ընթացքում տեղի կունենա նոր տեխնոլոգիայի ցուցադրությունը։

Ըստ The Wall Street Journal-ի հաշվարկների՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների ընթացքում ԱՄՆ զինված ուժերը կիրառել են 1500-ից մինչև 2000 Patriot, THAAD և Standard Missile տեսակի հրթիռներ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *