«Մշակութային ուղիներ» ընդլայնված մասնակի համաձայնագրի խորհրդատվական 15-րդ ֆորումը կանցկացվի Հայաստանում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում մասնակցում է Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ընդլայնված մասնակի համաձայնագրի կառավարման խորհրդի հանդիպմանը։

ԿԳՄՍՆ–ից NEWS.am–ին հայտնում են, որ հանդիպման շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալը և Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ընդլայնված մասնակի համաձայնագրի (EPA) կառավարող խորհրդի գործադիր քարտուղար Ռուի Գոմեշը ստորագրել են համագործակցության հուշագիր: Ըստ այդմ՝ «Մշակութային ուղիներ» ընդլայնված մասնակի համաձայնագրի խորհրդատվական 15-րդ ֆորումը և Կառավարման խորհրդի ոչ պաշտոնական նիստը 2026 թ. սեպտեմբերին կանցկացվեն Հայաստանում:

Խորհրդակցական համաժողովը՝ որպես Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ծրագրի կարևորագույն իրադարձություն, համախմբելու է «Մշակութային ուղիների» և անդամ-պետությունների շուրջ 300 ներկայացուցչի: Այն կարևոր հարթակ է փորձի փոխանակման, նոր համագործակցությունների ձևավորման, մշակութային ժառանգության պահպանության ու արժևորման ոլորտում համատեղ ռազմավարությունների մշակման, կրթական նախաձեռնությունների իրականացման համար՝ խթանելով միջմշակութային երկխոսությունը։

Մասնակիցները կքննարկեն մի շարք մարտահրավերներ՝ կապված մշակութային ժառանգության պահպանության, կայուն զբոսաշրջության զարգացման և համայնքների ներգրավվածության խթանման հետ։ Միաժամանակ, համաժողովը կնպաստի Հայաստանի մշակութային ներուժի ներկայացմանը միջազգային հանրությանը՝ ընդգծելով երկրի դերը՝ որպես տարածաշրջանային կարևոր հանգույց «Մշակութային ուղիների» շրջանակում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *