Այսօր մեր տարածաշրջանում ոչ մեկին պետք չեն հուզումներ ու անկայունություն. Վրաստանի ԱԳՆ

Ասել, որ Վրաստանը, իբր, կորցնում է իր տարանցիկ գործառույթը, անլուրջ է  Imedi հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին։

Նրա խոսքով՝ տարածաշրջանի երկրները լավ գիտակցում են Վրաստանի դերն ու կարևորությունը, և արհեստականորեն ավելորդ մրցակցությունը խթանելու փորձերն անհիմն են։

Նախարարը նշել է, որ տրանսպորտային և լոգիստիկ կապերի քննարկման ժամանակ անհնար է հաշվի չառնել Վրաստանի աշխարհագրական դիրքը և նշանակությունը։

«Վրաստանի համար դժվար է կատարել այս գործառույթն առանց իր անմիջական հարևանների։ Հետևաբար, առաջին հերթին, մենք պետք է շարունակենք զարգացնել համագործակցությունը տարածաշրջանի երկրների հետ», – հավելել է Բոճորիշվիլին։

Արտգործնախարարն ընդգծել է, որ հարևան պետությունների և Կենտրոնական Ասիայի երկրների հետ դինամիկ համագործակցությունն օգուտ կբերի Վրաստանին և որոշ չափով կապահովի երկրի կայունությունը։

«Այսօր մեր տարածաշրջանում ոչ մեկին պետք չեն հուզումներ ու անկայունություն։ Այս փոքր տարածաշրջանը կենսական նշանակություն ունի այս պահին։ Մենք պետք է ճիշտ օգտագործենք այս ներուժը, և այդ պատճառով էլ մենք պահպանում ենք կայունությունը Վրաստանում», – նշել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *