Ուկրաինայի հարցում մենք Ռուսաստանի հետ դաշնակիցներ չենք. Փաշինյան

Ես դեռ 2022 կամ 2023 թվականին ասում էի, որ Ուկրաինայի հարցում մենք Ռուսաստանի հետ դաշնակիցներ չենք։ Այս մասին մայիսի 7-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Ալմա-Աթայի հռչակագիրը Հայաստանի համար սկզբունքային նշանակություն ունի, և Երևանը հիմք է ընդունում այդ հռչակագիրը՝ Ադրբեջանի հետ հարաբերությունները կառուցելիս։

Նա հիշեցրեց, որ Հայաստանը Ուկրաինա է ուղարկել մարդասիրական օգնություն։ Խոսելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանի հասցեին շնորհավորանքների մասին՝ Փաշինյանը հիշեցրեց, որ ՀԱՊԿ անդամները, օրինակ՝ Բելառուսը, նույնպես շնորհավորել էին Ադրբեջանին։

«Ես չեմ տեսել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարը, ով ընկերական հարաբերությունների մեջ է (Լուկաշենկոյի հետ–խմբ), այդ մասին որևէ բան ասեր։ Նման կերպ էին արտահայտվել նաև ռուս բարձրագույն պաշտոնյաները։ Ինչո՞ւ դրան չարձագանքեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարը», – նշեց Փաշինյանը։

Նա ընդգծեց, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարությունից առաջ Ռուսաստանի նախագահը երկու անգամ հայտարարել էր, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է։ «Ինչպե՞ս են դա մեկնաբանում «Բարգավաճ Հայաստան», «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների և «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները։ Բելառուսի նախագահը Ադրբեջան կատարած այցի ընթացքում ուղիղ հայտարարել է, որ մասնակցել է 44-օրյա պատերազմի նախապատրաստմանը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարը մինչ այժմ այս կապակցությամբ իր դիրքորոշումը չի հայտնել։ Թող արտահայտվի։ Բելառուսի նախագահն ասել է, որ Հայաստանն այլևս ոչ ոքի պետք չէ, բացի ԵԱՏՄ երկրներից։ Թող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարը նաև այս հարցի մասին արտահայտվի», – եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *