Կապահովվի Արաքս գետի ողողահունում ավազի հանքավայրի և Արմավիր ջրանցքի վրա պարզարանի կառուցումը

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 7–ի նիստում ընդունել է որոշում, որով կապահովվի Արաքս գետի ողողահունում ավազի հանքավայրի և Արմավիր ջրանցքի վրա պարզարանի կառուցման համար անհրաժեշտ տիպային նախագծերի նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստումը և փորձաքննությունների իրականացումը:

Տիպային նախագծերի առկայությունը և վերջիններիս համապատասխան ավազի արդյունահանման աշխատանքների իրականացումը հնարավորություն կտա ձևավորել շինարարական ավազի պահանջարկի բավարարման աղբյուր՝ միաժամանակ ապահովելով Արաքս գետի հունի սահմանային կայունությունը, ինչպես նաև կանխարգելելով ոռոգելի հողատարածքների ավազակալումը և արդյունավետորեն կառավարելով շրջակա միջավայրի պահպանության ռիսկերը: Հողերի բերրիության պահպանմանն ու ջրային համակարգերի անխափան աշխատանքին զուգահեռ, նախագծի իրականացումը կունենա սոցիալ-տնտեսական դրական ազդեցություն՝ հիմնված գիտականորեն հիմնավորված տեխնիկական լուծումների և տիպային նախագծերի ներդրման վրա:

Ըստ հիմնավորման, վարչապետի հանձնարարականի կատարման անհրաժեշտությունից ելնելով՝ նախատեսվել է ավազի արդյունահանման ոլորտի համալիր կարգավորման նպատակով ձեռնարկել համապատասխան միջոցառումներ, այդ թվում՝ ավազի արդյունահանման համար համապատասխան նստեցման կայանի (պարզարանի) կառուցում։ Վերջինիս նպատակն է ունենալ գիտականորեն հիմնավորված և տեխնիկապես հագեցած գետաողողատային տիպի հանքավայրերի շահագործման տիպային նախագծի օրինակելի ձև, որը թույլ կտա Արաքս գետի ողողահունում ավազի արդյունահանումը իրականացնել տիպային նախագծին համապատասխան:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *