Վեդիում, այսօր՝ մայիսի 7–ին, ի աջակցություն երկու անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության բողոքի ակցիա իրականացրած քաղաքացիներին հրավիրել են Քննչական կոմիտե։
«Զանգել ասել են, որ եթե չներկայանաք, բերման կենթարկենք»,– NEWS.am–ի հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Նշենք, որ այս պահին մի քանի բնակիչներ գտնվում են Վեդիի քննչականում։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ Վեդի համայնքում բնակիչներն այսօր՝ մայիսի 7–ին, դուրս են եկել փողոց և իրենց վրդովմունք են հայտնել երկու անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության դեպքի առիթով։ Նրանք բողոքում են, որ ենթադրյալ մեղավորներն ազատության մեջ են, իսկ աղջիկների հորեղբորը ձերբակալել են։
Նշենք, որ երեկ Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ ձերբակալվել է և նրանց նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվել։
Նշենք, որ ավելի վաղ դատախազությունից հայտնել էին, որ Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ տեղի ունեցած առերևույթ դեպքի կապակցությամբ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Ե.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) և Դ.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (3 դրվագ)։
Հիշեցնենք, որ փաստաբան Վարդուհի Էլբակյանը երեկ հայտնել էր, որ գործում ներգրավված է 3 անձ, տուժողները 2 քույրեր են՝ 15 և 17 տարեկան։ Նա նաև հայտնել էր, որ աղջիկների հորեղբայրը տեսնելով, որ իրավապահներն անգործություն են ցուցաբերում, դանակահարել էր մանկապղծության մեջ մեղադրվողներից մեկին։ Վերջինս ձերբակալվել է։ Էլբակյանի խոսքով, աղջիկներից ավագը ենթարկվել բուժզննության և հաստատվել է այն, ինչ հայտնել է աղջիկը քննիչներին։