Երևանում կայացած հանդիպումը քաղաքական շոուի բնույթ էր կրում. ՌԴ ԱԳՆ

Երևանում տեղի է ունեցել միջազգային հանդիպում՝ մի շարք պետությունների ղեկավարների և եվրոպական բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությամբ, որոնց արտաքին քաղաքական գիծը զգալիորեն կողմնորոշված է դեպի Ռուսաստանի հետ դիմակայությանը։ Այս իրադարձությունների ֆոնին Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հանդես է եկել տեղի ունեցողի ծավալուն քննադատությամբ՝ հանդիպման ձևաչափը բնութագրելով որպես քաղաքականապես կողմնակալ միջոցառում՝ ընդգծված տեղեկատվական-իմիջային բաղադրիչով։

Նրա խոսքով՝ Երևանում տեղի ունեցածը կրում էր մանրակրկիտ կազմակերպված քաղաքական իրադարձության բնույթ, որն ուղեկցվում էր հրապարակային ելույթներով, արևմտյան քաղաքական գործիչների ակտիվ մասնակցությամբ, մեդիա լուսաբանմամբ, ինչպես նաև խորհրդանշական գործողություններով, որոնք, ըստ նրա գնահատականի, նպատակաուղղված էին Հայաստանի որոշակի արտաքին քաղաքական կերպարի ձևավորմանը։

Զախարովան հայտարարել է, որ նման միջոցառումները չեն սահմանափակվում դիվանագիտական օրակարգով, այլ ավելի ու ավելի են ստանում «քաղաքական շոուի» բնույթ, որտեղ շեշտադրումը գործնական պայմանավորվածություններից տեղափոխվում է ցուցադրական տարրերի վրա։ Նա նշել է, որ Երևանում նկատվել են բազմաթիվ հրապարակային ակցիաներ, արարողակարգային միջոցառումներ և արևմտյան պատվիրակությունների մասնակցության տեսողականորեն տպավորիչ դրվագներ, այդ թվում՝ զբոսանքներ և ոչ պաշտոնական հանրային ելույթներ։

Նրա կարծիքով՝ նման ձևաչափն օգտագործվում է տեղեկատվական դաշտում քաղաքական ազդեցությունն ուժեղացնելու և ընթացող գործընթացների վերաբերյալ որոշակի ընկալում ձևավորելու համար։

Զախարովայի հայտարարության մեջ առանձնակի ուշադրություն է դարձվել Հայաստանի ներքաղաքական համատեքստին։ Նա ընդգծել է, որ Հայաստանն այս փուլում գտնվում է նախընտրական շրջանում, ինչը, նրա խոսքով, երկիրը խոցելի է դարձնում արտաքին քաղաքական ազդեցությունների համար։

Զախարովան հայտարարել է, որ Եվրոպական միությունը, Ֆրանսիան և արևմտյան մի շարք այլ դերակատարներ նման հարթակներն օգտագործում են տարածաշրջանում սեփական օրակարգն առաջ մղելու համար։ Նա դա բնութագրել է որպես հրապարակային միջազգային միջոցառումներին մասնակցության միջոցով քաղաքական և ինստիտուցիոնալ ազդեցության ամրապնդման փորձ։

Նա առանձնակի ուշադրություն է դարձրել եվրոպական ներկայացուցիչների այն հայտարարություններին, թե պատրաստ են աջակցել Հայաստանում ընտրական գործընթացների անցկացմանը՝ նման ձևակերպումներն անվանելով պոտենցիալ միջամտություն պետության ներքին գործերին։

Հայտարարության զգալի մասը նվիրված է եղել Հայաստանի և Եվրոպական միության միջև տնտեսական համագործակցության հարցերին։ Զախարովան հիշեցրել է ԵՄ-ի կողմից նախկինում հնչեցված պլանների մասին, ըստ որոնց՝ Հայաստանին պետք է տրամադրվեր ավելի քան 2,25 միլիարդ եվրոյի ներդրումային փաթեթ։

Նա պնդել է, որ նմանատիպ հայտարարությունները կրկնվում են արդեն մի քանի տարի՝ սկսած 2021 թվականից, սակայն, նրա խոսքով, այդպես էլ զգալի ֆինանսական միջոցների իրական ներհոսք չի եղել։

Զախարովան կասկածի տակ է դրել այդ նախաձեռնությունների գործնական իրականացման հնարավորությունը՝ նշելով, որ, իր կարծիքով, դրանք հիմնականում հռչակագրային բնույթ են կրում և օգտագործվում են որպես ազդեցության քաղաքական գործիք:

Քննադատության առանձին բլոկը վերաբերում էր էներգետիկ քաղաքականությանը: Զախարովան մեկնաբանել է Հայաստանի կողմից ատոմային էներգետիկայից հնարավոր հրաժարման շուրջ քննարկումները՝ հայտարարելով, որ նման քայլերը կարող են հակասել էներգետիկ ոլորտի գլոբալ միտումներին:

Նա նշել է, որ աշխարհի բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ ԵՄ պետությունները, վերանայում են իրենց էներգետիկ ռազմավարությունները՝ հօգուտ ատոմային էներգիայի պահպանման և զարգացման՝ հաշվի առնելով թվայնացման և արհեստական բանականության տեխնոլոգիաների զարգացման պայմաններում էներգասպառման աճը։

Նրա գնահատմամբ՝ ատոմային էներգետիկայից հրաժարումը կարող է հավելյալ տնտեսական և ենթակառուցվածքային ռիսկեր ստեղխել Հայաստանի համար (հատկապես համաշխարհային էներգետիկ անկայուն իրավիճակի պայմաններում)։

Զախարովան անդրադարձել է նաև Հարավային Կովկասում անվտանգության և տարածաշրջանային համագործակցության հարցերին։ Նա ընդգծել է, որ, իր կարծիքով, տրանսպորտային և տնտեսական փոխկապակցվածության առանցքային հարցերը պետք է լուծվեն անմիջապես տարածաշրջանի երկրների կողմից՝ առանց արտաքին քաղաքական ճնշումների։

Նա հայտարարել է, որ Ռուսաստանն ավանդաբար զգալի դեր է խաղում տարածաշրջանային կայունության ապահովման գործում, և ռուսական մասնակցությունը դուրս մղելու ցանկացած փորձ, նրա խոսքով, կարող է հանգեցնել համագործակցության գոյություն ունեցող մեխանիզմների անհավասարակշռությանը։

Այս համատեքստում նա նաև հիշատակել է տարածաշրջանում ռուսական ներկայության կրճատման անհրաժեշտության մասին եվրոպական առաջնորդների հայտարարությունները՝ դրանք անվանելով միջամտություն ներքին և տարածաշրջանային գործընթացներին։

Մանսավորապես նա ընդգծել է, որ տարածաշրջանային միջոցառումներում ռուսական կողմը նման քաղաքական գործիչների մասնակցությունը ընկալում է որպես մի գործոն, որն ի զորու է փոխել Մոսկվայի և Երևանի միջև ավանդական համագործակցության բնույթը։

Եզրափակելով՝ Մարիա Զախարովան հայտարարել է, որ տեղի ունեցող գործընթացների ամբողջությունը վկայում է Հայաստանի քաղաքական և տնտեսական օրակարգի վրա արտաքին ազդեցության աստիճանական ուժեղացման մասին։ Նրա գնահատմամբ՝ միտումների շարունակման դեպքում դա կարող է հանգեցնել Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների ներկայիս մոդելի վերափոխմանը։

Նա ընդգծել է, որ Երևանի ռազմավարական կուրսի ցանկացած փոփոխություն անխուսափելիորեն հետևանքներ կունենա Հարավային Կովկասի անվտանգության տարածաշրջանային ճարտարապետության և տնտեսական փոխգործակցության համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *